Եթե Ռուսաստանը հրաժարվի Ադրբեջանին զենք վաճառելուց, այդ տեղը միանգամից կզբաղեցնի ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկը: Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Չեկալինը՝ անդրադառնալով հայկական կողմի արտահայտած մտահոգություններին՝ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ: «Պետությունների միջև զենքի առքուվաճառքը միջազգայնորեն ընդունված պրակտիկա է, և դա որևէ մեկին չի զարմացնում: Զենքի վաճառքն ավելի շատ տնտեսական, քան քաղաքական հարց է: Ադրբեջանը բացի ռուսականից, գնում է նաև իսրայելական և ուկրաինական զենք: Իսկ եթե Ռուսաստանը հրաժարվի այդ պետությանը զենք վաճառելուց, այդ տեղն անմիջապես, ամենայն հավանականությամբ, կզբաղեցնի ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկը: Իսկ այդ զենքերը կարող են ավելի մահաբեր ու սարսափելի լինել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Չեկալինը:

 

 

Նա հավելեց, որ կրակում է ոչ թե զենքը, այլ մարդը: «Դրա համար հարկավոր է աշխատել քաղաքական գործիչների, հասարակությունների հետ, և այդ դեպքում ոչ ռուսական, ոչ էլ մեկի այլ երկրի զենք չի կրակի: Եթե դուք մտածում եք, որ այդ զենքը չի կրակի, եթե լինի ոչ թե ռուսական, այլ եվրոպական, ապա սխալվում եք: Այն կկրակի ավելի մեծ ուժով»,- ասաց Չեկալինը:

 

 

Նրա խոսքով՝ մարդկային կորուստներից խուսափելու միակ ճանապարհը խաղաղ գործընթացն է: «Եթե այսօր որևէ մեկը հույսը դնում է ռազմական ճանապարհով հակամարտության կարգավորման վրա, դա անուղղելի աղետ կլինի տարածաշրջանի համար: Դա պատմական սխալ կլինի: Սա իմ տեսակետն է: Ես շատ թեժ կետերում եմ եղել և կարող եմ պնդել, որ այդպես է»,- եզրափակեց Չեկալինը:

 

 

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի անդամ Ալեքսեյ Կոնդրատևն էլ ընդգծեց, որ իրենց նպատակն է, որ տարածաշրջանում առկա զենքը երբեք չկիրառվի ոչ որևէ երկրի զինված ուժերի, ոչ էլ ահաբեկչական խմբավորումների կողմից: «Մենք չենք կարող լիովին հրաժարվել զենքից, քանի որ պետությունները իրենց երկրի ազգային անվտանգության հիմնական երաշխավոր համարում են իրենց զինված ուժերը: Սակայն մեր նպատակն է հասնել նրան, որ զենքը ագրեսիվ նպատակով կիրառելու ցանկություն ունեցողները հրաժարվեն դրանից»,- նշեց ռուս պատգամավորը:

 

 

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ՌԴ-ն Ադրբեջանին չի ստիպել հրաժարվել զենքն ագրեսիվ նպատակներով օգտագործելուց, Կոնդրատևը պատասխանեց. «Ռուսաստանի Դաշնության նախագահը բանակցություններ է վարել Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ, ինչից հետո չորսօրյա պատերազմը դադարել է: Մենք պետք է հասկանանք, որ Ռուսաստանն իր պարտավորությունների կատարման երաշխավորն է: Իսկ մեր աշխատանքները հիմա միտված են նման իրավիճակները բացառելուն»,- եզրափակեց նա: