Երեկ համացանցում տարածվեց մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է հայ զինծառայողը միայնակ պայքարում ադրբեջանցի զինվորականների դեմ: 24News –ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը նշեց, որ հրապարակված տեսանյութի վերաբերյալ Պաշտպանության նախարարությունն անձի նույնականացման, տեղորոշման և ամսաթվի հստակ ճշգրտման ուղղությամբ աշխատանքներ է սկսել իրականացնել:
«Աշխատանքներն իրականում դժվար են, հաշվի առնելով տեսանյութի որակը՝ մեծ բարդություններ կան, բայց, ամեն դեպքում, այդ ուղղությամբ ջանք չի խնայվում, որ պարզվի: Հասարակության մեջ բավական մեծ քննարկում կա և կոչ է արվում՝ եթե մեկը տեղեկություն ունի անձի վերաբերյալ, փոխանցի նախարարությանը, մենք էլ մեր ուղղությամբ ենք աշխատում»,- ավելացրեց նա:
Հարցին, թե տեսանյութը ավելի վաղ է հրապարակված եղել ադրբեջանցիների կողմից, ինչո՞ւ այդ ժամանակ Պաշտպանության նախարարությունը տեսանյութը ուշադրության չի արժանացրել անձի նույնականացումը ճշտելու համար, Արամ Թորոսյանը նշեց, որ հնարավոր է՝ տեսանյութն ավելի վաղ տարածված լինի, բայց պատերազմական և հետպատերազմական շրջանում ադրբեջանցիները շատ տեղեկություններ փակ էին պահում, արգելափակել էին, ՀՀ-ից չէին կարողանում մուտք գործել իրենց որոշ ալիքներ, հնարավոր է, որ չկարողանային տեսնել տեսանյութը, և մեր ուշադրությունից վրիպել է:
Նշենք, որ տեսանյութը հրապարակվել էր 2021 թվականին ադրբեջանական յութուբյան ալիքներից մեկով: