Մարտի 9-ի կեսօրին Ադրբեջանի զինծառայողները ազգային ատելության շարժառիթով, կրակել են Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի վարչական տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Արսեն Խաչատրյանի և Արմեն Հակոբջանյանի ուղղությամբ և փորձել սպանել նրանց։ Այս և այլ մանրամասներ՝ հարուցված քրեական գործի մասին, հայտնում է ԱՀ քննչական կոմիտեն։
«ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2022թ մարտի 9-ին ժամը 12:30-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից ազգային ատելության շարժառիթով, Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի վարչական տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Արսեն Խաչատրյանին և Արմեն Հակոբջանյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, հրաձգային զինատեսակներից կրակոցներ արձակելու դեպքի առթիվ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերով հարուցված քրեական գործը։
Նախաքննությունը շարունակվում է»,-ասված է հաղորդագրության մեջ։