ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացանք, որ հունվարի 2-ին Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնում հղիության 26-րդ շաբաթում մահացած 20-ամյա Գրետա Տոնոյանի մահվան առթիվ լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների հիման վրա Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվել, և հարուցվել է քրեական գործ: Ըստ այդմ՝ քրգործը հարուցվել է Քր. օր.-ի 130-րդ հոդվածի 2-րդ մասով՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ:

 

 

Մեղադրանքը հաստատվելու դեպքում Գրետայի բժշկին սպառնում է 2-6 տարվա ազատազրկում:

 

 

Նշենք, որ այսօր տեղի է ունեցել «Արմենիա» բժշկական կենտրոնում հղիության 26-րդ շաբաթում մահացած 20-ամյա Գրետա Տոնոյանի հուղարկավորությունը: Մահացած երիտասարդ Գրետայի հարազատները նրա մահվան պատճառ են համարում բժիշկների անփույթ վերաբերմունքը: Հարազատները մամուլում ասել են, որ Գրետան Հանրապետական ծննդատուն է տեղափոխվել դեկտեմբերի 25-ին, որտեղ նրա մոտ ախտորոշել են գրիպոզ վիճակ, և միայն մի քանի օր անց, երբ վիճակը սրվել է, թոքերը ռենտգեն են արել ու հայտնաբերել սուր թոքաբորբ: Դրա հետևանքով էլ Գրետան հունվարի 2-ին մահացել է ուշացած բուժօգնության պատճառով: