Գորիում ֆուտբոլի վրացի երկրպագուի կողմից «Շիրակ»-ի երկրպագուների մեքենաների ուղղությամբ քար նետելու և մեքենան վնասելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին նշվել է Վրաստանի ոստիկանության տարածաշրջանային վարչության պաշտոնական պատասխանում' ՀՀ դեսպանության ՝ Գորիում վրաց և հայ ֆուտբոլի երկրպագուների միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հարցմանը: Այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը:
«Հունիսի 30-ին Վրաստանի Գորի քաղաքում ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման խաղարկության առաջին փուլի շրջանակում տեղի ունեցած տեղական «Դիլա»-ի եւ Գյումրիի «Շիրակ»-ի միջև հանդիպումից հետո երկրպագուների միջև տեղի ունեցած միջադեպի մասին մամուլում շրջանառվող լուրերի իսկությունը ճշտելու նպատակով Վրաստանում ՀՀ դեսպանությունը հաստատել էր հեռախոսակապ Շիդա Քարթլիի ոստիկանության վարչության պետ Յագո Սաուրիի հետ: Վերջինիս խոսքով խաղի ընթացքում երկրպագուների միջև միջադեպ չի գրանցվել, սակայն խաղի ավարտից հետո մի երիտասարդ, ով, ականատեսների հաղորդմամբ, անչափահաս էր, «Շիրակ»-ի երկրպագուների մեքենաների ուղղությամբ քար էր նետել՝ վնասելով մեքենաներից մեկի ետևի ապակին: Միջադեպի կապակցությամբ տեղական ոստիկանությունը հարուցել է քրեական գործ՝ պարզելու համար երիտասարդի ինքնությունը: Առավել մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի քննության ավարտից հետո»,-նշվում է դեսպանության հաղորդագրության մեջ: