Ադրբեջանի տնտեսագիտական պետական համալսարանում այս հոկտեմբերից վերսկսվելու են «Հայոց լեզվի» դասընթացները, որի նպատակը, ըստ կազմակերպիչների, հայերեն ուսումնասիրողների կողմից հայաստանյան լրատվամիջոցների՝ հատկապես ՀՀ տնտեսության վիճակի մասին հրապարակումներին ծանոթանալն է, նաև այդ ամենի մասին գիտական հոդվածներ գրելն ու աշխարհին ներկայացնելը։ Արդյո՞ք Ադրբեջանը հայերենի դասավանդման համար այլ ու քողարկված շարժառիթներ չունի։
«Ադրբեջանը երբեք էլ չի թաքցրել իր նպատակները հայերենի ուսումնասիրման, հայերեն լրատվական կայքերի ստեղծման, դրանցով մեր հանրության վրա ազդելու վերաբերյալ, այսինքն՝ լեզվի ուսուցումն իրենց համար կարևոր է և՛ քարոզչական, տեղեկատվական պատերազմի և՛ նաև հետախուզական, դիվերսիոն գործողությունների իրականացման առումով: Նշեմ, որ ադրբեջանական աղբյուրների համաձայն՝ դեռ 2008 թվականից Բաքվի պետական համալսարանում տարածաշրջանագիտության ֆակուլտետում դասավանդում են հայերեն լեզուն»,- ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։
Նրա խոսքով, 2015-2017 թվականներից այդ գործընթացը ավելի ինտենսիվ է դարձել․ հիմա էլ իրենք դա դիտում են հայերին՝ որպես «թշնամու» ուսումնասիրման համար կարևոր գործիք: Օրինակ՝ 2015 թվականին Ադրբեջանում հրատարակվեց «Հայերեն լեզու» ուսումնական ձեռնարկը: Այսինքն՝ այս քայլերը համակարգված բնույթ են կրում և մեր դեմ տարվող քաղաքականության կարևոր, բաղկացուցիչ մաս են, նկատեց մեր զրուցակիցը։ Ինչ վերաբերում է Հայաստանում ադրբեջաներեն լեզվի ուսումնասիրմանը, Հայրապետյանը նշեց․
«Այո, որքանով ես եմ տեղյակ դեռևս 2012 թվականին Հայաստանում առաջին անգամ հրատարակվեց ադրբեջաներենի դասագիրք։ Գիրքը Երևանի պետական համալսարանի Թուրքագիտության ամբիոնի նախաձեռնությունն էր և հաստատվել էր ԵՊՀ գիտական խորհրդի կողմից: Հետագայում ադրբեջաներեն և վրացերենի ուսուցման կուրսեր ներդրվեցին նաև ԵՊՀ պատմության ֆակուլտետի «Հարակից երկրների պատմության ուսումնասիրման» ամբիոնում: Չգիտեմ ինչպիսին է իրավիճակն այժմ, բայց միտումը լեզվին տիրապետելու հստակ կա»:
Ադրբեջանագետի պնդմամբ, Հայաստանում, ցավոք, չկա մշակված քաղաքականություն քարոզչական/տեղեկատվական դաշտում դա կիրառելու համար, մինչդեռ լեզվի իմացությունը հակառակորդին ճանաչելու, նրա գործողությունները ճիշտ վերլուծելու առումով իսկապես կարևոր է և անհրաժեշտ․
«Ավելին, ի տարբերություն մեր լեզվի՝ հայերենի, ադրբեջաներենը շատ հեշտ է սովորել, չկան առանձին տառեր, լատինատառ է գիրը, բազմաթիվ փոխառություններ կան ռուսերենից, պարսկերենից և թուրքերենից: Բայց, իհարկե, թիվ մեկ խնդիրը դա մշակված քաղաքականության անհրաժեշտությունն է, մենք էլ պետք է սովորենք ազդել ադրբեջանական հանրության վրա և գործիքակազմ մշակենք դրա համար»:
Արա Ալոյան