Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․ «Դեռ անցած տարվա վերջին Ալիևին շատ բացասական էր արտահայտվում ԵՄ քաղաքացիական առաքելության ժամկետի երկարաձգման մասին խոսակցություններին: Հասկանալի է, թե ինչու: Դա բարդացնում է ագրեսիայի գնալու հնարավորությունները Ադրբեջանի համար: Երեկվանից ադրբեջանական մեդիա դաշտը հրապարակումներ է անում այդ թեմայով՝ մի քանի հետաքրքիր շեշտադրումներով:
Նրանք փորձում են ԵՄ քաղաքացիական առաքելության ուղարկումը ներկայացնել որպես հակառուսական, հակաթուրքական և հակաիրանական ակցիա: Նրանց նյարդայնացնում է, թե ինչու Մոսկվան ու Թեհրանը կոշտ գնահատականներ չեն տալիս ԵՄ նման ակտիվությանը: Այստեղից կարելի է եզրակացնել, որ ինտենսիվ դիվանագիտական աշխատանք են տանում նման արձագանքների հասնելու համար: Կարևոր է, որ հայկական կողմը ճիշտ կոմունիկացնի ԵՄ քաղաքացիական առաքելության ներկայությունը Ռուսաստանի և Իրանի հետ՝ հետագա խնդիրներից խուսափելու համար: Վստահ եմ, որ Ադրբեջանը ամեն ինչ անելու մեզ համար խնդիրներ ստեղծելու համար: Ուշագրավ է, որ Ադրբեջանը շատ ինտենսիվ համագործակցում է ԵՄ–ի հետ, բայց դա չգիտես ինչու իրենց համար հակառուսական կամ հակաիրանական չէ՞:
Հակաիրանական չէ՞ նաև Իսրայելի մուտքը ու դիրքավորումը Իրանի քթի տակ: ԵՄ քաղաքացիական առաքելության ուղարկման վերաբերյալ Ադրբեջանի նյարդային արձագանքները գալիս են փաստելու, որ նրանք նոր ագրեսիայի գնալու մտադրություններ ունեն և դա համարել են խանգարող հանգամանք: Ինչ վերաբերում է այն հարցին, թե կկանխի՞ արդյոք ԵՄ առաքելության ներկայությունը ադրբեջանական ագրեսիան, ըստ իս՝ կնվազեցնի հնարավորությունները, բայց կանխելու համար մեզ ուժեղ ու մարտունակ բանակ է պետք, որպեսզի Ադրբեջանը չգնա նման արկածախնդրության: ԵՄ առաքելության ուղարկումը կարևոր է, բայց սա բացառիկ ժամանակ է մեզ համար, ամեն օրը թանկ է, ես կասեի՝ անգին: Իշխանությունները չպետք է այս երկու տարին վատնեն անգործ նստելով, որ հետո ասեն՝ մեզ թվաց ԵՄ–ն չի թողի Ադրբեջանը հարձակվի: ԵՄ քաղաքացիական առաքելությունը նման պատասխանատվություն չի վերցրել իր վրա»: