Եվրոպան նոր թափով սկսել է հակառուսական պատժամիջոցներ սահմանել, այս շրջանում՝ առավելաբար ՌԴ քաղաքացիների մուտքի արտոնագրերի, շենգենյան վիզաների հետ կապված արգելանքով։ Էստոնիան, Լեհաստանն արդեն կոնկրետ ժամկետներ են նշել, թե երբվանից են արգելելու ռուսների մուտքն իրենց երկիր՝ սեպտեմբերի 19։ Գերմանիայում օրինակ դիրքորոշումը միանշանակ չէ, քաղաքական ուժերը, կուսակցությունները այս հարցում տարբեր մոտեցումներ ունեն․ ոմանք դեմ են սանկցիաների կիրառմանը վիզաների հարցով, ոմանք՝ վերապահումներ ունեն։
«Լեհաստանը և Մերձբալթյան հանրապետությունները դեռ Եվրոպա չեն, նրանց ձայնը Եվրախորհրդում որոշիչ չէ, այդ պետությունները մինչև 1918թ. եղել են կամ Ռուսաստանի կամ Պրուսիայի անբաժանելի մասը։ Եթե հանկարծ միջազգային հանրությունը ընդունի Ադրբեջանի ագրեսիան սուվերեն Հայաստանի և նորանկախ Արցախի նկատմամբ, իբր երեսուն տարի առաջ իրեն պատկանող հողերը վերադարձնելու պատրվակով, ապա ի՞նչն է խանգարում Ռուսաստանին զենքի ուժով ետ պահանջել այն հողերը, որոնք հարյուր տարի առաջ օտարվել են իրենից»,-ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում նկատեց Գերմանիայում բնակվող պրոֆեսոր Ավետիս Սադոյանը։
Նրա խոսքով, Գերմանիայում անձնական խոսակցությունների մեջ բոլորը, խնդրելով, որ իրենց տեսակետը չհանրայնացվի, դեմ են արտահայտվում Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացմանը և անհամբեր սպասում են ռազմական գործողությունների դադարեցմանը։ Նրանք ասում են, եթե ձեր շենքի տակ հացի խանութ կա, որտեղից էժան հաց կարելի է գնել, ինչու գնալ քաղաքի մյուս կողմը, գետի վրայով ու սուպերմարկետից գնել թանկ հաց, նշեց մեր զրուցակիցը։
«Իսկ թե ինչո՞ւ գերմանացիները բացահայտ դեմ չեն արտահայտվում հակառուսական սանկցիաներին, նրանք մատնանշում են իրենց երկրում ԱՄՆ ամենամեծ ռազմաբազայի՝ Ռամշտայնի առկայությունը։ Գիտե՞ք, որ արևմտյան Գերմանիայում, ամեն քայլափոխի ճանապարհատրանսպորտային նշանների կողքին կարելի է հանդիպել ամերիկյան և անգլիական տանկերին վերաբերվող արագության սահմանափակման նշաններ։ Տանկերը այդքան շատ չեն, ես տաս տարում միայն մեկ անգամ եմ տեսել տանկերի շարասյուն, բայց նշանները ամենուր են՝ հավանաբար լուռ հիշեցում է»,-ասաց Սադոյանը։
Բեռլինաբնակ պրոֆեսորը հավելեց, որ հատկապես արևելյան Գերմանիայում շատերը բացահայտ Պուտինի վարվող քաղաքականության կողմից են։
Արա Ալոյան