Շուռնուխում ներկա դրությամբ շարունակվում են լսվել պայթյունի ձայները՝տարբեր ինտենսիվությամբ։ Գյուղի տարածքում ավերածություններ չեն եղել, բայց անվտանգության նկատառումներից ելնելով՝ գիշերը բնակչությանը տարհանել են ավելի ապահով վայր։ Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի ղեկավար Հակոբ Արշակյանը։
«Ամբողջ գիշեր չեն դադարել պայթյունի ձայները, բայց, բարեբախտաբար, գյուղի տարածքում արկեր չեն ընկել։ Ամեն դեպքում, բնակչությանը գիշերը տարհանել էինք, իսկ հիմա մարդիկ վերադարձել են իրենց տները»,-նշեց Արշակյանը։ Նշենք, որ գիշերը՝ ժամը 00։05-իս սկսած Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը, հարվածներ հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը նույնպես շարունակվում են, հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը։