Ազգերի Լիգայի նախավերջին տուրում սեպտեմբերի 24-ին Ուկրաինայի ընտրանուց սեփական հարկի տակ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կրած խոշոր՝ 0։5 հաշվով պարտությունից հետո, մեր թիմի նախկին դարպասապահ Գևորգ Կասպարովը հայտարարեց․ ֆուտբոլիստներ կան' ըստ ինձ, իրավունք չունեն հագնեն ազգային հավաքականի մարզաշապիկը։
Մինչ այդ, լրագրողները բոյկոտեցին հավաքականի գլխավոր մարզիչ Կապարոսի հետխաղյա մամուլի ասուլիսը՝ պահանջելով նրա հրաժարականը։
«Անուններ չեմ ուզում տամ, ամեն ինչ պարզ երևում է, իմ սուբյեկտիվ կարծիքով, ամենայն հարգանքով»,-ԼՈՒՐԵՐ․ com-ին ասաց մեր ազգային ընտրանու նախկին դարպասապահ Գևորգ Կասպարովը։
Հարցին' հասունացել է արդյոք գլխավոր մարզիչ, իսպանացի Խուակին Կապարոսի հրաժարականը, փորձառու մարզիկն ասաց․
«Նա ոչինչ չունի տալու մեր հավաքականին, չնայած ֆեդերացիան է որոշելու՝ նա կմնա՞, թե՞ ոչ»։
Ինչ վերաբերում է հարցին, թե ո՞րն է մեր հավաքականի գլխավոր խնդիրը, Կասպարովը նշեց․
«Տեղյակ չեմ, թե ինչ է կատարվում թիմի ներսում, բայց որ խնդիրներ կան, դրա վառ ապացույցը արդյունքներն են, որը տեսնում ենք խաղերին։ Մի բան կարող եմ ասել, թե՛ 2009 և թե՛ 2010 թվականին երբ մենք տանը պարտվեցինք շատ ուժեղ թիմի՝ Բոսնիա և Հերցեգովինային, բոլորը սուլում էին մեզ, մեր մարզչին, ղեկավարներին՝ պահանջելով հրաժարական։ Չնայած 2009-ին, պարտությունից չորս օր անց հաղթեցինք ոչ պակաս ուժեղ հավաքականի՝ Բելգիային։ Բայց հիմա, ոնց տեսնում եմ, համակերպվել են բոլորը, որով, ըստ իս, խաբում ենք և՛ ֆուտբոլին, և՛մեզ»։
Արա Ալոյան