Երեկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց, որ բացառում է Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները, եթե ՌԴ-ն ճանաչի Ուկրաինայի չորս շրջաններում անցկացված «հանրաքվեների» արդյունքները։
Նման սցենարը բացառված չէ' հաշվի առնելով Ռուսաստանի ղեկավարության հրապարակային հայտարարությունները։ Այդ դեպքում, ի՞նչ հակազդեցություն է նախատեսում Կիևը՝ ինչպես ռազմաճակատում, այնպես էլ՝ միջազգային հարթակում։
«Այն, ինչ Ռուսաստանը անվանում է «հանրաքվեներ», ոչ մի քաղաքակիրթ երկիր չի ընդունելու, քանի որ ոչ մի առնչություն չունի մարդու իրավունքների, նրանց ազատ կամարտահայտության հետ»,-ԼՈՒՐԵՐ․ com-ի հետ զրույցում ընդգծեց «Համաշխարհային քաղաքականության ինստիտուտ»-ի գործադիր տնօրեն, Ուկրաինայի ՊՆ հանրային խորհրդի նախկին անդամ Եվգենի Մագդան։
Նրա պնդմամբ, ռեֆերենդումների անցկացումը խեղկատակություն և ֆարս է, որով անլրջացվում է բուն գործընթացը։
«Ուկրաինան իր գործընկերներից պահանջելու է դատապարտել այդ ամենը և հանդես գալ միասնական պատժամիջոցներով, այդ թվում՝ պատասխանատվության ենթարկելով դրա կազմակերպիչներին, առաջին հերթին՝ Պուտինին, Լավրովին և այլոց»,-ասաց ուկրաինացի փորձագետը։
Նա հույս հայտնեց, որ ՌԴ ղեկավարության նկատմամբ պատժամիջոցները կսահմանվեն որքան հնարավոր է շուտ։
Արա Ալոյան