Սյսօր կառավարության շենքի առջև հերթական բողոքի ակցիան էր, իրականացնողներն էլ՝ Փեթակ առևտրի կենտրոնի աշխատակիցները, որոնք այսօրվանից փաստացի գործազուրկ են դարձել: Այդ նույն Փեթակի աշխատակիցները 2018-ի ապրիլյան իրադարձությունների ժամանակ կանգնել էին Նիկոլ Փաշինյանի կողքին` փողոցներ փակելով և ամեն կերպ վերջինիս աջակցելով: Առևտրականներից հետ չէին մնում նաև տաքսիստները, ովքեր նույնպես սեփական մեքենաներով ճանապարհներ էին փակում: Ստացվում է` այսօր առևտրականները գործազուրկ են դարձել, իսկ տաքսիստների լիցենզավորման գործընթացը հանգեցնելու է նաև վերջիններիս օրվա հացը վաստակելու հնարավորության շեշտակի նվազեցմանը:

Հեղափոխության օրերին համացանցում և կայքերի առաջին էջերում հայտնվող հայտնի ակտվիստների կյանքում էական փոփոխություններ են տեղի ունեցել:

Իշխանափոխության օրերին արագաչափ սարքից իր ներքնազգեստը կախելով հայտնի դարձած, այնուհետև Սփյուռքի նախարարությունում պաշտոն ստացած և այն ժամանակ Նիկոլ Փաշինյանի ջատագով Անուշ Լալայանը լքել է Հայաստանը և բնակություն հաստատել Նիդերլանդներում: Ոչ վաղ անցյալում «Մերժիրսերժին» և «Իմ քայլը» քաղաքացիական նախաձեռնությունների անդամ Լալայանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսուհետ ապրելու է Ամստերդամում:

 

Նշենք, որ 44-օրյա պատերազմից հետո Լալայանը հանդես էր գալիս հակաիշխանական գրառումներով` քննադատելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին: «Կարող եք Նիկոլին, նախընտրական տեքստերը գրելուց առաջ, ուղղակի հիշեցնել, որ 3 տարի պետության ղեկին ոչ ես եմ եղել, ոչ Դոնլդ Դակը, ոչ Միկի Մկնիկը, ոչ էլ առավել ևս Դորիս ձկնիկը: Նա է իր սեփական ուժերով մսխել հեղափոխությունը, նա է տանուլ տվել պատերազմը, նա է իր թեթև ձեռքով Քոչարյանին բերել դարձրել իր համար առաջին հակառակորդ՝ չեզոքացնելով այլ հավանական ուժերի գոյությունը»,- նման գրառում էր կատարել նա՝ կից դնելով «վստահություն մսխողը» հեշթեգը։ 

2018 թվականի «թավշյա հեղափոխության» օրերին Անի Հակոբջանյանը ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող էր: Նա հիշվեց այդ պայքարում ոչ միայն իր ակտիվ մասնակցությամբ, այլեւ՝ յուրահատուկ ոճով. նա հեղափոխության հայտնի մեծ «բանտիկով» աղջիկն էր:

Հեղափոխության օրերին իր ակտիվությամբ աչքի ընկած, այնուհետև պետական պաշտոն զբաղեցրած Գևորգ Աճեմյանը նույնպես հեռացել է ՔՊ-ից և սկսել է քննադատել Փաշինյանի վարած քաղաքականությունը` հեղափոխությունը անվանելով ֆեյք:

Antifake.am-ը գրել էր, որ կառավարության շենքի դիմաց ամիսներ առաջ ակցիա իրականացնողներից Էդգար Բաբայանը իր նորածին դստերը Նիկոլ Փաշինյանի պատվին անվանել է  Ռուզաննա Նիկոլ։ Էդգար Բաբայանը, 15 տարուց ավելի Մոսկվայում բնակվելով, հայրենիք է վերադարձել ապրիլ-մայիսյան հայտնի իրադարձությունների ֆոնին։ Չնայած Փաշինյանին շարունակաբար գովաբանելուն և նրա ընդդիմախոսներին հայհոյելուն՝ Էդգար Բաբայանը վերջին շրջանում նաև նկատել է վարչապետի «թերությունները» և որոշ ծաղրական հրապարակումներ արել։

Ինչպես տեսնում ենք՝ հեղափոխության օրերին թավիշ քարոզող և նախկիններին մերժող ակտիվիստների մոտ լուրջ փոփոխություններ են նկատվում: Այս մարդիկ 2018-ին համարվում էին հեղափոխության դեմքերը, նրանց մասին էին խոսում և գրում բոլոր լրատվամիջոցները, իսկ այսօր վերջիններս հրապարակավ հայտարարում են, որ չորս տարի առաջ սխալվել են և քննադատում են այն անձին, որի կողքին 2018-ին բողոքի ակցիաներ էին իրականացնում՝ մերժելով Սերժին...