«Ռուսաստանը միտումնավոր է հրահրել Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին բախումները»,-հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ նշելով, որ Ռուսաստանն այսպիսով նպատակ ունի Կովկասի տարածաշրջանում և դրանից դուրս իրավիճակն ապակայունացնել։ Մակրոնն ասել է, որ Մոսկվան վերջին ամիսներին լարվածություն է բորբոքել՝ հօգուտ Ադրբեջանի: Այս մասին հայտնում է Reuters-ը։ Գործակալությունը նշում է, որ 44-օրյա պատերազմից հետո սեպտեմբերին տեղի են ունեցել ամենսարսափելի մարտերը, որոնց հետևանքով՝ ավելի քան 200 մարդ է զոհվել։
«Այն, ինչ տեղի է ունենում սահմանին վերջին երկու տարիներին, սարսափելի է։ 5000 ռուս զինվոր այնտեղ պետք է երաշխավորի սահմանին խաղաղությունը, սակայն ռուսներն օգտագործել են այս մի քանի դարյա պատմություն ունեցող հակամարտությունը՝ Թուրքիայի մեղսակցությամբ խաղալով Ադրբեջանի խաղը և թուլացնելով ժամանակին իր մտերիմ Հայաստանին: Սա Ռուսաստանի կողմից ապակայունացման փորձ է։ Նա ցանկանում է անկարգություններ հրահրել Կովկասում»,- ասել է Մակրոնը։