Ադրբեջանն անընդհատ այս կամ այն առումով հայտարարում է, թե Հայաստանը չի կատարում կամ կեղծ պատրվակներով խուսափում է կատարել եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորությունները․ Ալիևը մատնանշում է իբր իր տարածքներից (իրականում՝ Ղարաբաղի մասին է հիշատակում) ՀՀ զորքերի դուրս բերում և այլն, Բայրամովը՝ ավտոճանապարհների և երկաթգծային երթուղիների միավորումը Զանգեզուրի միջանցքով։
Այս թեզը, արդյո՞ք, նշանակում է, թե Ադրբեջանը նոր էսկալացիայի համար հող է նախապատրաստում՝ դիմելով սադրանքների, այդ թվում՝ դիվանագիտական կոնտեքստում։
«Այո, նման ենթադրություն կարող ենք անել: Բաքվի քաղաքականությունը բազմաշերտ է. նա, իհարկե, դուրս չի գալիս բանակցային գործընթացից, սակայն այդ գործընթացում շատ ակտիվ կիրառում է «սողացող պատերազմի» մարտավարությունը»։
Ի պատասխան ԼՈՒՐԵՐ․com-ի հարցադրման, ընդգծեց քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։
Իսկ թե ի՞նչ քայլեր պետք է անի հայկական կողմը՝ հնարավոր ռազմական բախումների սցենարը բացառելու համար, մեր զրուցակիցն ասաց․
«Առաջին հերթին, պետք է աշխատենք բոլոր գործընկերների հետ՝ Մոսկվայից սկսած, Վաշինգտոնով վեջացրած: Ընդ որում, շեշտը պետք է դրվի ոչ թե աշխարհաքաղաքական կենտրոնների հակադրության վրա խաղ կառուցելու, այլ տարբեր շահերը համադրելու վրա»։
Արա Ալոյան