Իլոն Մասկը դարձավ Twitter-ի միանձնյա սեփականատերը՝ կնքելով 44 միլիարդ դոլարի գործարք: Նրա առաջին քայլը նոր կարգավիճակում սոցիալական ցանցի թոփ մենեջերների՝ աշխատանքից հեռացումն էր։ Twitter-ի գործադիր տնօրենն ու ֆինանսական տնօրենը հոկտեմբերի 27-ի երեկոյան լքեցին ընկերության կենտրոնական գրասենյակը և այլևս չեն վերադառնա, գրում է Forbes-ը։
The Washington Post-ը գրում է, որ Իլոն Մասկը հոկտեմբերի 27-ի ուշ երեկոյան դարձել է Twitter-ի սեփականատերը։ Երեք աղբյուր թերթին հայտնել են, որ նա աշխատանքից ազատել է ընկերության մի քանի թոփ մենեջերների։ Աղբյուրներից մեկը հայտնել է, որ 44 միլիարդ դոլարով սոցցանցը ձեռք բերելու գործարքը փակվել է։ Թերթի տվյալներով՝ Մասկը, գործադիր տնօրեն Փարագ Ագրավալից և ֆինանսական տնօրեն Նեդ Սեգալից բացի, աշխատանքից ազատել է իրավական քաղաքականության, վստահության և անվտանգության համար պատասխանատու բաժնի ղեկավար Վիջայ Գադեին և գլխավոր խորհրդական Շոն Էգեթին։ Թոփ մենեջերներին շտապ դուրս են ուղեկցել շտաբի շենքից, հայտնել են աղբյուրները:
Ինչպես հայտնել ենք, աշխարհի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը, նախօրեին փոխեց իր պրոֆիլի նկարագրությունը Twitter սոցիալական ցանցում՝ իր Bio-ում ավելացնելով Chief Twit արտահայտությունը և այցելելով ընկերության գլխավոր գրասենյակ։ Միլիարդատերը սոցիալական ցանցերում հրապարակեց իր այցի տեսանյութը։ Կադրերում նա սոցցանցի գլխամասային գրասենյակ է մտնում՝ ձեռքին՝ լվացարան։