Եղվարդում բացվեց տարածաշրջանում ամենախոշոր համակցված կերերի գործարանը. գերժամանակակից սարքավորումներով հագեցվածության շնորհիվ ստացվելու է ցածր ինքնարժեքով արտադրանք, որը նախատեսված է ինչպես տեղական շուկայի, այնպես էլ արտահանման համար, գործարանի բացման արարողությունը ներկա գտնվեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ծանոթանալով գործարանի աշխատանքին:
«Գործարանն ունի ժամում 20 տոննա արտադրողականություն: Ներդրման չափը ավելի քան 7 մլրդ դրամ է: Գյուղատնտեսությանը նոր զարկ ենք ուզում տալ մեր նոր գործարանով»,-ասաց «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերությունների խմբի սեփականատեր Նարեկ Նալբանդյանը լրագրողների հետ զրույցում:
«Նալբանդյան Ագրո» գործարանի գործարկմամբ կստեղծվի ավելի քան 100 նոր աշխատատեղ: Գործարանի արտադրած կերերը նախատեսված են ինչպես տեղի շուկայում սպառման, այնպես էլ արտահանման համար: Արտահանման հիմնական ուղղություններն են լինելու Վրաստանն ու ԵԱՏՄ-ն, արդեն կան նախնական պայմանավորվածություններ: Մոտ 10 օրից արդեն գյուղատնտեսական բոլոր կենդանիների համար նախատեսված կերերը առկա կլինեն տեղական շուկայում, իսկ արտահանումը կսկսվի 1-2 ամսից:
Նալբանդյանի վստահեցմամբ՝ գործարանը տարածաշրջանի մյուս գործարաններից տարբերվում է նրանով, որ գերժամանակակից է: Սարքավորումների գերժամանակակից լինելը թույլ է տալիս ցածր ինքնարժեքով արտադրանք ստանալ, կորուստները հնարավորինս քիչ են: «Վրացական, ռուսական շատ ընկերություններից ավելի ցածր ինքնարժեքով ենք ստանալու»,-նշեց նա:
Ըստ Նալբանդյանի՝ առաջարկը բավարար կլինի այլևս ներմուծում չանելու համար:
Այս ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում աջակցություն է տրամադրել Enterprise Armenia ներդրումների աջակցման կենտրոնը:
«Մենք շատ են կարևորում արտադրական ներդրումները, որոնք կնպաստեն տնտեսությանը: Այս փուլում գյուղատնտեսությունը բում է ապրում, և մենք բավականին ներդրողներ ունենք այս ոլորտում: Այս գործարանն ունի նաև շատ ռազմավարական նշանակություն, քանի որ շատ գյուղատնտեսներ, որոնք ուզում են բացել թռչնաֆաբրիկա, խոզաբուծարան, խոշոր, մանր եղջերավոր կենդանիների ֆերմա, անասնակերի խնդիր ունեն: Նմանը չկա տարածաշրջանում»,-ասաց Enterprise Armenia-ի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը:
Ըստ նրա՝ այս գործարանի առկայությունը խթան կլինի՝ ավելի շատ զբաղվելու վերոնշյալ ոլորտներով:
Enterprise Armenia-ն աշխատում է ոչ միայն տեղացի ներդրողների հետ, այլ նաև աշխատում է օտարերկրյա ներդրումների ներգրավման ուղղությամբ: Օհանեսյանի վստահեցմամբ՝ բավականին աշխատանք են տանում Հայաստանում օտարերկրյա դիվանագիտական կորպուսի հետ, բացի այդ՝ հասարակական հիմունքներով ներկայացուցիչներ ունեն արտերկրում: