«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ընդդիմության ակցիաների ժամանակ իրականացվող ոստիկանական բռնություններին եւ իրավապահ մարմինների տարբերակված գործելաոճին զուգահեռ՝ մայիսի 20-ին, Հայաստանում մի շատ հետաքրքիր եւ ներկայանալի քննարկում է լինելու Հայաստանի ժողովրդավարության մասին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այդ քննարկմանը մասնակցելու է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Եվ չնայած նման միջոցառում անցկացնելն ու դրա ամսաթիվը որոշվել են շատ ավելի վաղ, սակայն հետաքրքիր է հենց այս իրավիճակում ժողովրդավարության վիճակին անդրադառնալը միջազգային հեղինակավոր կառույցների եւ Հայաստանում հավատարմագրված դեսպանների կողմից:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում միջոցառման կազմակերպիչներից Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանը եւս ընդգծեց. «Քննարկումը պլանավորվել է դեռ ամիսներ առաջ: Մեծ ծրագրի առաջին փուլը Հայաստանում ավարտվում է մայիսի վերջին, եւ քննարկումը դրա հետ կապված է հիմա տեղի ունենում»: Հավելենք, որ քննարկումը հեռարձակվելու է ուղիղ եթերի ֆորմատով, եւ լրատվամիջոցների մասնակցության մասով դեռ որեւէ հստակեցում առկա չէ: Ի դեպ, Հայաստանի ժողովրդավարության թեմայով քննարկմանը ներկա են լինելու ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսին, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, Եվրոպայում ու Եվրասիայում Freedom House-ի ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտը եւ այլք»: