ԱՄՆ իշխանությունների նախնական տվյալներով՝ երեքշաբթի օրը Լեհաստանի արևելքում ընկած հրթիռը արձակվել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից։ Տեղեկությունը տարածել է Associated Press-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչներին։

Գործակալության տվյալներով՝ նախնական տվյալները վկայում են այն մասին, որ ուկրաինական հրթիռ է արձակվել ռուսական հրթիռը որսալու համար։

 

Ավելի վաղ, ինչպես հայտնել ենք, անհայտ ծագման երկու հրթիռ է ընկել Լեհաստանի՝ Ուկրաինայի հետ սահմանին գտնվող գյուղի տարածքում, ինչի հետևանքով երկու մարդ է զոհվել։

 
 

Դրանից հետո Լեհաստանի իշխանությունները որոշել են բարձրացնել երկրի որոշ զորամասերի մարտունակությունը։
ՆԱՏՕ-ի շատ երկրներ մտահոգություն են հայտնել միջադեպի առնչությամբ, ինչպես նաև հայտարարել են մանրամասն հետաքննության անհրաժեշտության մասին։

ԱՄՆ հետախուզությունը հայտնել է, որ հրթիռները արձակվել են Ռուսաստանի կողմից Ուկրաինայում, սակայն ընկել են Լեհաստանի տարածքում։ ԱՄՆ Պենտագոնն իր հերթին չի հաստատել այս տեղեկությունը։

ՌԴ պաշտպանության նախարարությունը լեհական լրատվամիջոցների և պաշտոնյաների հայտարարություններն անվանել է «կանխամտածված սադրանք»՝ իրավիճակը սրելու նպատակով։