Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ այսօր առավոտվա դրությամբ Լիբանանի տարածքից շուրջ 100 հրթիռի արձակում է գրանցվել։ Վնասը հասցվել է հատկապես Արևմտյան Գալիլեայի Մետուլային, Շտուլային և Մոշավ Շոմերին, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
Այսօր առավոտյան ուժեղ կրակի տակ են հայտնվել Մետուլան և Կիրյաթ Շմոնան: Մետուլայի թաղամասերից մեկի տարածքում 12 հրթիռ է ընկել։ Տուժել է 10 տուն, որոնցից 7-ն՝ ուղղակի հարվածներից, մնացածը ստացել են բեկորային վնասներ։
Երկու «Բուրկան» հրթիռ է արձակվել Շտուլայի և Զարիթի ուղղությամբ՝ վնասելով տներն ու ավտոմեքենաները։ Միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Հեզբոլլահը»:
Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը հայտնել է, որ 36-րդ դիվիզիայի անդամներն այժմ միանում են հարավային Լիբանանում ցամաքային գործողությանը։