Ժամանակավորապես կդադարեցվի ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը։ Նման որոշում կայացվեց կառավարության այսօրվա՝ նոյեմբերի 17-ի նիստի ժամանակ:
«Ժամանակավորապես, մինչև 2024թ. հունվարի 1-ը, կդադարեցվի ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը»,–ասված է նախագծի հիմնավորման մեջ։
Նշվում է, որ կենսաչափական անձնագրեր չեն տրամադրի մինչև ապագա սերնդի տեխնոլոգիաներով և անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրերի ստեղծումն ու աստիճանաբար հին անձնագրերի նորերով փոխարինումը:
Միաժամանակ, ՀՀ քաղաքացիները հնարավորություն կունենան ստանալ ՀՀ կառավարության 1998 թվականի որոշմամբ նախատեսված անձնագիրը՝ մինչև նոր կենսաչափական համակարգի ամբողջական ներդրումը։ Այսինքն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայիս օրենսդրության համաձայն' հին նմուշի անձնագրերը պետք է դադարեցվեն թողարկել 2023 թվականի հունվարի 1-ից, առաջարկվում է երկարացնել այդ ժամկետը մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը, երբ կհայտնվեն նոր տեսակի կենսաչափական անձնագրեր։
Իշխանությունները ցանկանում են ավելացնել էլեկտրոնային ծառայությունների մատուցման ծավալները՝ ընդլայնելով էլեկտրոնային ստորագրության օգտագործման հնարավորությունները։