ՀԱՊԿ-ի երեկվա միջոցառումների շրջանակներում քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանային իրավիճակը, ինչպես նաև ընդհանուր առմամբ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ իրավիճակը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Մեկնաբանելով ՌԴ Դաշնային խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչովի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը դուրս է ՀԱՊԿ-ի իրավասությունից, Զախարովան նշել է, որ «Հայաստանում հարցերի լայն շրջանակի վերաբերյալ քաղաքական գնահատականները, դիտարկումները՝ երբեմն տրամագծորեն հակառակ, արտահայտվում են տարբեր միջոցառումներից առաջ, դրանց ընթացքում և հետո»:
«Մենք կա՛մ հիմք ենք ընդունում այն, որ մենք ժողովրդավարական հասարակություններ ենք, և մեզ մոտ փորձագետները, քաղաքական գործիչները, քաղաքագետները իրավունք ունեն հայտնելու տարբեր իրադարձությունների վերաբերյալ իրենց փորձագիտական տեսակետը, կա՛մ հեռանում ենք այդ սկզբունքից», - հայտարարել է Զախարովան: