Ադրբեջանըը միշտ հանդես է եկել բոլոր երկրների տարածքային ամբողջականության օգտին և այժմ էլ հավատարիմ է մնում այդ դիրքորոշմանը, այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով ամիսներ առաջ հանդիպում էր ունեցել այսպես կոչված՝ «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության» առաջնորդ Էրսին Թաթարի հետ։
Ադրբեջանի նախագահը միևնույն ժամանակ դժգոհություն է հայտնել, որ նախկինում՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում միջնորդ երկրները երբեք հանդես չեն եկել Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» օգտին։
«Ադրբեջանի դեպքում մենք երբեք միջնորդ երկրներից նման բաց մոտեցում չենք տեսել և այդպիսի հայտարարություն չենք լսել։ Մեզ միայն ասում էին՝ դուք պետք է համաձայնության գաք»,- դժգոհել է Ալիևը, ապա հավելել, որ իրենք «ուժով են փոխել իրականությունը»։
Ալիևն այս համատեքստում կրկին ընդգծել է ուժի դիրքից հանդես գալու իր մոտեցումը։
«Պարզ է, թե մենք ինչ արեցինք։ «Տարածքային ամբողջականության» վերականգնման մեր մոտեցումը նույնպես հայտնի է։ Այսինքն, պետք է ուժեղ լինենք»,- ասել է նա։