Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է դեկտեմբեր ամսվա կլիմայական բնութագիրն ու եղանակային կանխատեսումը։
Նշվում է, որ դեկտեմբերին հյուսիսային կիսագնդում շարունակվում է փոքրանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և, հետևաբար, փոքրանում է ցերեկվա տևողությունը:
Մթնոլորտի շրջանառության մեջ հանրապետության տարածքում հիմնականում գերակշռում են ցուրտ օդային հոսանքները։ Հատկապես սաստիկ սառնամանիքներ են դիտվում, երբ ներխուժող ցուրտ օդը մեր երկիր է գալիս Արևմտյան Սիբիրի կամ Սկանդինավիայի շրջաններից։
«Ձմռան ամենացուրտ ամիսը հունվարն է, սակայն ձմեռների 18-20% դեպքում ամենացուրտը եղել է դեկտեմբերը: Որպես կանոն' դեկտեմբերի ամենացածր ջերաստիճանը դիտվում է ամսվա երրորդ տասնօրյակում։ Օդի հարաբերական խոնավությունը դեկտեմբերին բավականին բարձր է' 70% և ավելի: Իսկ տեղումների միջին քանակը կազմում է 38մմ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ լեռնային գոտիներում ձյան ծածկի բարձրությունը հասնում է 20-30 սմ, իսկ հանրապետության տաք շրջաններում դեկտեմբերի առաջին և երկրորդ տասնօրյակում կայուն ձնածածկ չի գոյանում:
Դեկտեմբերը բնութագրվում է հաճախակի մառախուղներով:
Դեկտեմբերի 21-ին տեղի է ունենում ձմեռային արևադարձը, երբ հյուսիսային կիսագնդում դիտվում է ամենաերկար գիշերը և ամենակարճ ցերեկը, որից հետո ցերեկվա տևողությունը սկսում է աստիճանաբար մեծանալ։
Դեկտեմբերին օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է․
Երևանում՝ +2...+3°C,
Արարատի և Արմավիրի մարզերում՝ +1...+2°C,
Կոտայքի նախալեռնային շրջաններում՝ +1...+2°C, լեռնային շրջաններում՝ -1...-3°C,
Շիրակի մարզում՝ -3...-5°C,
Գեղարքունիքի մարզում՝ -1...-3°C
Արագածոտնի լեռնային շրջաններում՝ -2...-4°C, նախալեռնային՝ +1...+3°C,
Լոռու մարզում՝ 0...+2°C,
Տավուշի մարզում՝ +2...+5°C,
Վայոց ձորի նախալեռնային շրջաններում՝ +1...+3°C, լեռնային շրջաններում' 0...-2°C,
Սյունիքի հովտային շրջաններում՝ +4…+7°C, նախալեռնային շրջաններում' 0...+3°C,
Արցախում՝ +4...+7°C։