«Հրապարակ» թերթը գրում է.
ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի հարսին' Արման Սահակյանի կնոջը, ազատել են Աջափնյակի թիվ 38 մանկապարտեզի տնօրենի պաշտոնից:
Ազատողն էլ եղել է Աջափնյակի թաղապետ Կամսար Բաբինյանը, ով, բացի առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանի սանիկը լինելուց, նաեւ ՀՀԿ անդամ է եղել, Արման Սահակյանի թիմակիցը, Տարոն Մարգարյանի ժամանակ էլ զբաղեցրել է Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի պաշտոնը։ Մեզ ասացին, որ Արման Սահակյանի կնոջ՝ Սեդա Հակոբյանի պաշտոնավարման ժամկետն այս տարվա հոկտեմբերի 15-ին լրացել է, իր պես էլի մի շարք տնօրենների ժամկետն է լրացել, սակայն մյուս տնօրեններին նշանակել են ԺՊ, իսկ Հակոբյանին՝ ոչ։ Ազատման ծանուցումն էլ ուղարկել է հենց Բաբինյանը։
Նշենք, որ մանկապարտեզի տնօրենի պաշտոնի համար թեկնածուները պետք է ԿԳՄՍ նախարարության կողմից անցնեն ատեստավորում եւ ստանան համապատասխան հավաստագիր, որից հետո մասնակցեն նոր մրցույթի։ Սեդա Հակոբյանը նոյեմբերի 15-ին ատեստավորման փուլը բարեհաջող հաղթահարել է' ապահովելով 100 տոկոսանոց արդյունք (60 հարցից 60-ին ճիշտ է պատասխանել): Բայց նրան քաղաքային իշխանությունները հակված չեն եղել վերանշանակել։
Արման Սահակյանը մեր հարցին, թե ինչու իր կնոջը չեն նշանակել ԺՊ՝ այդպիսով ազատելով տնօրենի պաշտոնից, ասաց. «Ես էլ եմ զարմացած, թե ինչու հենց իմ կնոջը չեն նշանակել, հատկապես որ, որքանով տեղյակ եմ, այն տնօրենները, որոնց ժամկետները լրացել են, բոլորը վերանշանակվել են ժամանակավոր պաշտոնակատար, մինչեւ կանցնեն հավաստագրման փուլը, ու նոր մրցույթ կհայտարարվի: Իսկ իմ կինը նոյեմբերի 15-ին գերազանցությամբ անցել է հավաստագրման փուլը»: Հարցին՝ այստեղ միտում կամ քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ է, Սահակյանն ասաց. «Չնայած այս իշխանությունների հավաստիացումներին, որ քաղաքականությունը չպետք է առնչվի կրթությանը, գիտությանը, մշակույթին, նախակրթարաններին, կարծում եմ' իմ կնոջ դեպքում պատճառը հենց քաղաքական է: Եթե իմ կինը չլիներ, չէին ազատի: Ես միայն կարող եմ նշել, որ իմ կնոջ ղեկավարած մանկապարտեզը եղել է Երեւանի լավագույն մանկապարտեզներից մեկը, որը կարող են փաստել նաեւ այդտեղ հաճախող երեխաների ծնողները»:
Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ Կամսար Բաբինյանից, սակայն նրա հեռախոսահամարն անընդհատ զբաղված էր։