Դեկտեմբերին Իջևանում անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքում համայնքի ղեկավար ընտրվեց Արթուր Ճաղարյանը։ Մամուլի տեղեկությունների համաձայն' թե՛ իշխանական պատգամավոր Վահե Ղալումյանի, թե՛ նրա մարզպետ եղբայր Հայկ Ղալումյանի «դաբրոյով» է, որ Ճաղարյանը ներկայացվել է իշխանություններին ու արժանացել որպես թեկնածու առաջադրվելու հավանությանը:
Մինչ իջևանցիները սպասում էին, թե երբ են տարիներ շարունակ իրենց կուտակած խնդիրները պրակտիկ լուծում ստանալու, Ճաղարյանը լրիվ այլ առաջնահերթություններ էր գույքագրում: Դիցուք՝ նա դեռեւս համայնքապետի պաշտոնակատար եղած ժամանակ՝ 2021 թվականին, ձեռք է բերել «Տոյոտա Պռադո» մակնիշի ծառայողական ավտոմեքենա, այն դեպքում, երբ համայնքապետարանն ունեցել է մեկ այլ՝ մի քիչ ավելի ցածր դասի «Տոյոտա»։ Սակայն ուշագրավ է, որ Իջեւանի համայնքապետարանի գնումների տեղեկագրի մեջ այս մասին ոչ մի ինֆորմացիա չկա, եւ, առհասարակ, 2020-ից այս կողմ որեւէ գնման մասին տեղեկություն չկա։ Այնինչ, բոլոր գնումները պետք է հրապարակվեին, քանզի որեւէ իշխանություն հանրային միջոցների ծախսը չպետք է թաքցնի հանրությունից, առավել եւս՝ արդարության մասին լոզունգներով իշխանության եկած ՔՊ-ականները։
Մինչ Ճաղարյանը զբաղված է իր անձնական բարեկեցությունն ապահովելով' իջևանցիները բախվել են լրջագույն խնդրի' պարարտանյութի կտրուկ թանկացմանը։ Ճաղարյանը մի քանի ամիս է' վստահեցնում է, որ պատրաստվում են ինչ-որ բան անել, սակայն դեռ չգիտեն' ինչպես հարցը լուծել։ «Ընդհանրապես նախատեսում ենք որևէ բան անել, բայց դեռ չգիտենք՝ կոնկրետ ինչպես այդ հարցը լուծենք, դեռ մտածում ենք։ Խորհուրդի նիստ է լինելու, որում այդ հարցն էլ կա, հիմա չեմ կարող ասել՝ ինչը ինչպես կլինի, մասնագետ ունենք, ինքն է զբաղվում այդ հարցերով»,- ասել էր Արթուր Ճաղարյանը։ Ավելորդ է ասել, որ այդ հարցը դեռ չի լուծվել, դեռ մտածում են։
Իսկ մինչ մտածում է, Ճաղարյանը որոշել է աշխատանքով ապահովել իր և մարզպետ Ղալումյանի գրեթե ողջ գերդաստանին։ Լրատվամիջոցները հայտնել են, որ համայնքապետարունում աշխատանքի է անցել Ղալումյանի բաջանաղի որդին՝ Վաչե Վիրաբյանը։ Համայնքի ղեկավարի խորհրդական, բաջանաղ Դավիթ Վիրաբյանի դուրստր՝ 19 ամյա Նանե Վիրաբյանը, նույնպես աշխատում է համայնքապետարանում։ Հայկ Ղալումյանը քաղաքապետարան է մտցրել նաև իր փեսայի եղբորը՝ Աշոտ Երիցյանին, ով աշխատում է որպես առաջատար մասնագետ։ Համայնքում գլխավոր մասնագետ է աշխատում նաև Անահիտ Ղալումյանը, իսկ բարեկամուհի Հասմիկ Ղալումյանը 1-ին կարգի մասնագետ է։ Իսկ Լիլիթ Ղալումյանը զբաղեցնում է Կրթության մշակույթի, սպորտի, երիտասարդության, սոցիալական աջակցության և առողջապահության բաժնի պետի պաշտոնը։ Բացի այդ, համայնքապետ Արթուր Ճաղարյանը մշակույթի տան տնօրեն է նշանակել Վարդ Շահինյանին, ով համայնքապետի կնոջ մերձավոր ազգականն է: Բացի Ղալումյանի և կնոջ ազգականներից, հեռու չեն մնացել նաև համայնքապետ Ճաղարյանի ազգականները։ Համայնքապետերանի մամուլի պատասխանատուն՝ Լիա Ճաղարյանը, համայնքապետի խորհրդական Նարեկ Ճաղարյանը և համայնքապետը մտերիմ ազգականներ են։
Ահա այսպիսի ձեռքբերումներով կարող է պարծենալ Արթուր Ճաղարյանը. մինչ վերջինս զբաղված է պադավապապետությանը և ԽԾԲ-ին զարկ տալով' իջևանցիներն իրենք են լուծում իրենց առջև ծառացած խնդիրների առյուծի բաժինը...