Ազատության հրապարակում մի խումբ երիտասարդներ դեկտեմբերի 13-ին բողոքի ակցիա անցկացրեցին Հայաստանը Արցախին կապող ճանապարհի՝ Ադրբեջանի կողմից փակելու կապակցությամբ։

Բողոքի ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին ՄԱԿ-ի գրասենյակ՝ բարձրաձայնելու Ադրբեջանի կողմից Արցախում ստեղծված հումանիտար աղետի մասին: Երիտասարդները միջազգային հանրությունից պահանջեցին, որպեսզի նա զերծ մնա երկակի ստանդարտներից և դատապարտի Ադրբեջանի հակամարդկային վարքագիծը, կիրառի առկա գործիքակազմը՝ կանխելու Ադրբեջանի՝ էթնիկ զտման հանցավոր գործողությունները:

«Հազարավոր մարդիկ, այդ թվում՝ երեխաներ, չեն կարողանում վերադառնալ իրենց տները: Կեղծ բնապահպանական պատրվակով, Ադրբեջանի իշխանության այս սադրանքը Արցախի հայաթափմանն ուղղված հետևողական քայլ է: Նպատակը մեկն է՝ կյանքի համար ստեղծել անտանելի պայմաններ, ճնշում գործադրել արցախահայության վրա և ստիպել արցախցիներին թողնել հայրենիքը: Սա միջազգային իրավունքի և մարդասիրական բացահայտ ոտնահարում է, այն էլ քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ»,- նշված է նամակում:

Բողոքի ակցիային ներկա էր նաև Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը: Նա նշեց, որ Ադրբեջանը բնապահպանական կեղծ պատրվակով շարունակում է փակ պահել Հայաստանը Արցախին կապող միակ ճանապարհը, և սա 44-օրյա պատերազմից հետո նրանց հերթական սադրանքն է:

«Դեկտեմբերի 12-ից Արցախի իշխանությունները օպերատիվ կերպով աշխատում են: Այսօր առավոտյան տեղի է ունեցել անվտանգության խորհրդի նիստը, նաև պետնախարար Ռուբեն Վարդանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քաղպաշտպանության շտաբի նիստը: Արդյունքում՝ Արցախի կառավարությունը և մյուս գերատեսչությունները 24-ժամյա ռեժիմով աշխատում են՝ փորձելով հնարավորինս արագ խաղաղ հանգուցալուծում տալ խնդրին: Միևնույն ժամանակ, Արցախում ստեղծված իրավիճակի պատճառով որոշակի խնդիրներ են առաջացել և այդ խնդիրներին կառավարությունը ևս օպերատիվ լուծում է տալիս»,- ասաց Առաքելյանը: