Հունվարի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ, այցելել է 2-րդ բանակային զորամիավորում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ ֆեյսբուքյան էջից։
Հունվարի 19-ին հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելուց, ծառայակից ընկերներին, հարազատներին և ընտանիքի անդամներին կորստյան ծանր վիշտը կիսելու, ցավակցության խոսք հղելուց հետո, պաշտպանության նախարարը բանակային զորամիավորման հրամանատարական կազմին է ներկայացրել զորամիավորման նորանշանակ հրամանատար, գնդապետ Գարեգին Պողոսյանին:
Այնուհետև պաշտպանության նախարարն այցելել է ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի՝ ողբերգական դեպքի վայր: ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը պաշտպանության նախարարին է ներկայացրել դեպքի առնչությամբ որոշ մանրամասներ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահություն է հայտնել, որ նախաձեռնված վարույթի ընթացքում բոլորը հարցերը և դեպքի հանգամանքները լիարժեք կպարզվեն: Պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին պաշտպանության նախարարը հանձնարարել է խիստ ուշադրության կենտրոնում պահել հրդեհային անվտանգության պահպանման կանոնները՝ նմանօրինակ դեպքերն իսպառ բացառելու համար։
Սուրեն Պապիկյանն այցելել է նաև մոդուլային զորանոցների կառուցման շինհրապարակներ, տվել համապատասխան հանձնարարականներ՝ զորանոցների կառուցման աշխատանքները պատշաճ և նախանշված ժամկետներում իրականացնելու վերաբերյալ: