Գեղարքունիքում ինժեներասակրավորական վաշտի ժամանակավոր կացարանում բռնկված հրդեհի դեպքով ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը ձերբակալվել է։ Այս մասին «Sputnik Արմենիա»-ին հայտնել են ՀՀ ՔԿ-ից։
Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ի նկատմամբ
Քրեական հետապնդում է հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
Ըստ Դատախազության հաղորդագրության՝
▪️նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2023 թվականի հունվարի 19-ին, կեսգիշերն անց, ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության սպան, հանդիսանալով նստեցման շրջանի պատասխանատու, սահմանված կարգի խախտմամբ, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի 1-ին փողոցի 20-րդ տուն հասցեում տեղակայված' վերոնշյալ ստորաբաժանման անձնակազմի համար նախատեսված կացարանում, վառարանը վառել է ավտոբենզինով, որի արդյունքում կացարանում բռնկվել է հրդեհ:
▪️Հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցների բացակայության պատճառով կացարանում գտնվող զինծառայողների կողմից ոչ միայն հնարավոր չի եղել այն մարել, այլ նաև պահեստային ելքի բացակայության պայմաններում՝ կոտրել կացարանի պատուհաններին ամրացված երկաթյա ճաղավանդակները և դուրս գալ այնտեղից:
▪️Այդպիսով, կացարանում հանգստի մեջ գտնվող, նույն վաշտի 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ մահացել են, իսկ սպան և չորս պարտադիր ժամկետային զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։