Այսօր ստացել ենք Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողներից 8-ի դիակների դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Նորայր Նորիկյանը։
«Ըստ փորձաքննության եզրակացության հետևությունների՝ զինծառայողների մահը վրա է հասել «Ածխածնի մոնօքսիդով /Շմոլ գազ/ և այրվածքային շոկից»։
Փորձաքննության ենթարկված 8 զոհված զինծառայողների մոտ թմրանյութեր և հոգեմետ նյութեր չեն հայտնաբերվել։
Զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպումից և եզրակացությունների մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո հնարավորինս սեղմ ժամկետում հանդես կգանք հայտարարությամբ ու կներկայացնենք տուժող կողմի դիրքորոշումներն ու անելիքները»,- գրել է Նորիկյանը։
Նշենք, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել հունվարի 19-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, որի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, երեքը՝ տեղափոխվել Այրվածքաբանության ազգային կենտրոն, նրանցից երկուսը, այդ թվում, կապիտանը՝ տևական ժամանակ վերակենդանացման բաժանմունքում են գտնվել։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ։ Քրեական վարույթի շրջանակներում որոշումներ են կայացվել տուժող ճանաչելու մասին։