Հայ-թուրքական սահմանին գտնվող կամուրջներն ու ճանապարհները ենթակա են շահագործման: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը' պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն փետրվարի 15-ին հայտարարեց, որ Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային հաղորդակցության բացման համար ենթակառուցվածքների պատրաստման գործընթացն արագացնելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերել հայ գործընկերոջ' Արարատ Միրզոյանի հետ։ Նա նշեց, որ երկու կողմերն էլ սահմանային անցակետերի մոտ ճանապարհների և կամուրջների վերլուծության և ստուգման արդյունքներն ունեն։ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո Միրզոյանը հայտարարեց, որ Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել են համատեղ ջանքերով վերանորոգել հայ–թուրքական սահմանին գտնվող Անիի կամուրջը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ փետրվարի 16-ին ասաց, որ Անիի կամրջի էսքիզային նախագիծը վաղուց պատրաստ է։
«Ճանապարհների և կամուրջների ստուգման արդյունքները ցույց են տվել, որ դրանք ենթակա են շահագործման», - ասված է ՀՀ ԱԳՆ պատասխանում։
Նախարարությունից հիշեցրել են' Արարատ Միրզոյանը կառավարության նիստում նշել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել արագացնել երկխոսության գործընթացը և վերջնական սահմանների բացման նպատակով տեղի ունեցող գործընթացը։
«Աշխատանքներ են իրականացվելու երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար ցամաքային սահմանի հատման գործընթացն ավարտին հասցնելու ուղղությամբ»,– ավելացրել են ԱԳՆ–ում։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։