Այսօր՝ ապրիլի 14-ին, խոշոր ավտովթար է տեղ ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչ 49-ամյա Ջոնիկ Մանուկյանը, վարելով ЗИЛ մակնիշի 683 ՕՕ 64 համարանիշի ավտոմեքենան, Խորենացի փողոցում՝ հանրահայտ «Դրուժբա» խանութի դիմաց, բախվել է Mercedes 90 ԼՕ 700, մեկ այլ Mercedes 27 ՕՕ 444, Opel մակնիշի 32 ՍՍ 063, Ford մակնիշի 68 ՕՍ 784 և Opel Astra մակնիշի Լ 08 54 համարանիշի ավտոմեքենաներին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կարճ ժամանակում վթարի վայր են ժամանել ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները, ինչպես նաև՝ Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի աշխատակիցները:
Տեղում է նաև ՃՈ հետաքննիչ Վարդան Սարգսյանը, սակայն, քանի որ վթարի հետևանքով կա մեկ տուժող, հետևաբար հետաքննիչը այստեղ անելիք չունի: Դեպքի վայր պետք է ժամանի ոստիկանության քննչական գլխավոր վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննիչ Դավիթ Մարտիրոսյանը:
Վթարված ավտոմեքենաների վարորդները արդարացիորեն զարմանում էին, որ եթե ԱՊՊԱ-ի ներկայացուցիչները հայտնում են, որ բոլոր ավտոմեքենաների համար որպես փոխհատուցում վճարելու են մեկ միլիոն դրամից քիչ ավելի գումար, ապա ի՞նչպես է կատարվելու բաշխումը, երբ ասենք Mercedes-ներից մեկը 1 միլիոնից ավելի վնաս է կրել: