Լաչինի միջանցքի հետ կապված վիճակը Հայաստանի համար նախապայման չէ՝ Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակելու համար, ռուսական կողմն այժմ նախապատրաստում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում, սակայն դեռ պարզ չէ՝ Հայաստանի արտգործնախարարը կմասնակցի՞, թե՞ ոչ, այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը խորհրդարանական ճեպազրույցում:
Մոսկվայից հայտարարել էին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում նախապատրաստելու մասին: Խանդանյանն ասաց՝ Հայաստանի ԱԳ նախարարը կմասնակցի, թե ոչ, կախված է տվյալ պահի իրավիճակից: Այնուամենայնիվ, որևէ միջնորդի նախաձեռնած հանդիպումներին մասնակցելու որևէ խնդիր չկա: Ուստի ԱԳ նախարարությունը պատշաճ պահին կներկայացնի, երբ հանդիպումը մոտ լինի:
Անդրադառնալով հարցին, թե Լաչինի միջանցքի փակ լինելու ֆոնին հանդիպում հնարավո՞ր է՝ Խանդանյանն ասաց. «Հայկական կողմը նման նախապայման չունի»:
Պատգամավորը նաև ընդգծեց, որ Լաչինի միջանցքի ապաշրջափակման և արգելափակման ելքը սևով սպիտակի վրա գրված է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, այն է՝ Լաչինի միջանցքը պետք է անխափան գործի, միջանցքի վերահսկողությունը պետք է սահմանեն ՌԴ խաղաղապահ ուժերը, իսկ անվտանգությունն՝ ապահովի ադրբեջանական կողմը: