Տնտեսվարողները շուրջ մեկ տարի է օգտվում են նախնական մաքսային հայտարարագրման համակարգից:

ՊԵԿ-ից հայտնում են, որ 2022 թվականի ընթացքում գրանցվել է ավելի քան 2300 նախնական հայտարարագիր Մաքսային բարեփոխումների շրջանակում 2022 թվականից ներդրվել է նախնական մաքսային հայտարարագրման համակարգը։

Սահմանված չափանիշները բավարարող արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին այն հնարավորություն է տալիս 24/7 ռեժիմով մինչև ապրանքների՝ ՀՀ սահմանը հատելը, մաքսային մարմիններին ներկայացնել մաքսային հայտարարագիրը։

Արդյունքում՝ կատարվում է ռիսկերի նախնական գնահատում և մաքսային ձևակերպումներն իրականացվում են շուրջօրյա ռեժիմով, առանց լրացուցիչ վճարների։ Այս դեպքում ապրանքների բացթողումն իրականացվում է սահմանային մաքսային կետերում՝ արտահերթ։

Այլևս կարիք չի լինի այցելել մաքսատուն-վարչություններ, ապրանքները տեղակայել երկրի ներսում գտնվող ժամանակավոր պահպանության պահեստներում և լրացուցիչ վճարել ապրանքների պահպանության համար․ տնտեսվարողը կարող է ստանալ ապրանքը և անմիջապես տնօրինել այն:

Նախնական մաքսային հայտարարագրման գործընթացի շնորհիվ էականորեն նվազել է ապրանքների՝ սահմանը հատելուց մինչև բացթողումն ընկած ժամանակահատվածի տևողությունը։ Ապրանքների ժամանումից հետո այժմ գործընթացը տևում է միջինում 2-3 ժամ՝ նախկին 20-70 ժամվա փոխարեն։

Փոփոխությունների շնորհիվ տնտեսվարողները խնայում են ֆինանսական միջոցներ և ժամանակ։ 2022 թվականի ընթացքում գրանցվել է ավելի քան 2300 նախնական հայտարարագիր, ընդորում՝ հայտարարագրերի զգալի մասը ներկայացվել է նախորդ տարեվերջին՝ 1509 նախնական մաքսային հայտարագիր։

ՊԵԿ-ը հիշեցնում է՝ գործընթացից օգտվելու համար պարզապես անհրաժեշտ է նախնական մաքսային հայտարարագիրը էլեկտրոնային եղանակով, trade.gov.am-ի «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» համակարգի միջոցով, ներկայացնել այն մաքսային կետ-բաժին, որով տնտեսվարողը նախատեսում է իրկանացնել տվյալ ապրանքների ներմուծումը։