Կառավարության 2023 թվականի փետրվարի 2-ի նիստի ժամանակ առաջին անգամ քննարկվեց առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի նախագիծը, որը ներկայացրել էր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Ըստ նախարարի՝  Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրումը Կառավարության ծրագրով հաստատված առողջապահական ամենակարևոր համակարգային բարեփոխումն է, ըստ որի՝ մինչև 2027 թվականն ամբողջովին վերազինվելու է առնվազն 50 բժշկական կենտրոն:  

Նախարարը նշել էր նաև, որ համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումը պայմանավորված է նախ և առաջ բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտություն ունեցող յուրաքանչյուր քաղաքացու պատշաճ և ժամանակին ծառայությունների տրամադրման անհրաժեշտությամբ՝ անկախ վճարունակությունից, սեռից, տարիքից, բնակության վայրից։

Բժշկական գիտությունների թեկնածու, բժշկական ապահովագրության ընկերության նախկին նախագահ և Թիվ 2 բուժմիավորման նախկին տնօրեն Տիգրան Խաչատրյանը, սակայն, թեև ողջունում է, որ պետության կողմից համակարգը ներմուծելու նման փորձ է արվում, սակայն դեմ է այս հայեցակարգին, քանի որ ոչ մի դրական արդյունքի, ըստ նրա, չի բերելու նախագիծը։ 

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Տիգրան Խաչատրյանը խոսեց նախագծի հետ կապված իր մտահոգությունների մասին։

«Ես եղել եմ ՀՀ-ում առաջին ապահովագրական ընկերության տնօրեններից մեկը, որն արտոնագրվել է հատուկ ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից, այսինքն՝ խնդրին ծանոթ եմ շատ խորքից, և պիտի ասեմ, որ ես չեմ ողջունում այս հայեցակարգը, կտրուկ դեմ եմ, բերեմ փաստեր՝ ինչու եմ դեմ, քանի որ հայեցակարգով նախատեսվում է այսօրվա պետպատվերի գործակալությունը վերափոխել հիմնադրամի, մարդկանց վրա ավելացնել հարկային բեռ, մոտավոր, իրենց հաշվարկով տարեկան ամեն անձի համար 150-170․000 ՀՀ դրամ պետք է ապահովավճար մուծվի, առաջարկում են տարբեր փաթեթներ, որով ավելի կբարելավեն բուժօգնությունը, սակայն ոչ մի կոնկրետ մեխանիզմներ կապված թե′ որակի, թե′ վերահսկման հետ, չենք ունենում, մենք չենք ստանա բժշկական օգնության և սպասարկման որակյալ ծառայություններ, այլ արդյունքում՝ մարդիկ ավելի շատ իրենց գրպաններից գումար կվճարեն»,-ասաց նա։

Տիգրան Խաչատրյանը խնդրի վերաբերյալ իր առաջարկն ունի․ նշում է, որ պետք է ներգրավվեն նաև ապահովագրական ընկերություններ, միանշանակ պետությունը փող պետք է հավաքագրի, պատվեր իջեցնի ապահովագրական ընկերություններին, և դրանց միջոցով իրագործի տվյալ ծառայությունը և սպասարկումը։  

«Ունենք ԱՊՊ-ի փորձը, որը, լավ, թե վատ՝ աշխատում է, իհարկե դժգոհություններ միշտ լինելու են, բայց իրենց առաջարկած նախագծով հիվանդը չի ունենալու պաշտպանվածություն թե′ պետությունից, թե′ ընկերությունից  թե′ բուժհաստատություններից։ Մեր համակարգը պատրաստ չի, մենք չունենք բժշկատնտեսական չափորոշիչներ, չունենք հստակ պռոտոկոլներ, որը պետք է ասի, թե  կոնկրետ հիվանդությունը ինչպես պետք է բուժվի, որքան գումար պետք է ծախսվի, ինչ հետազոտություններ պետք է արվեն և այլն, օրենսդրական ահռելի բացեր կան»,-նշեց Տիգրան Խաչատրյանն ու հավելեց, որ, ըստ իրեն, պետք է Էլեկտրոնային առողջապահությունը զարգացնել, որ համակարգը լինի լիակատար կառավարելի։  

Նշենք, որ կառավարությունը հաստատել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը։