Բժիշկները ֆիզիկական զննումից հետո հայտարարել են, որ ԱՄՆ 80-ամյա նախագահ Ջո Բայդենն առողջ է եւ «պիտանի ծառայությանը»։ Զննման ընթացքում նախագահի կրծքի հատվածից ոչ մեծ մաշկային նորագոյացություն են հեռացրել։ Բժիշկների խոսքով՝ նախագահն այսպես կոչված «երկարատեւ քովիդի» ախտանշաններ չունի, որոնցով հաճախ տառապում են COVID-19-ով հիվանդացած պացիենտները, տեղեկացրել է «Голос Америки»-ն։
Բայդենը կորոնավիրուսով հիվանդացել էր անցած տարի։
«Նախագահը նախկինի պես պիտանի է ծառայությանը եւ լիովին կատարում է իր բոլոր պարտականությունները՝ առանց որեւէ բացառության կամ վարանելու»,- նշել է Սպիտակ տան բժիշկ Քեւին Օ՛Քոնորը բժշկական եզրակացությունում։
Նախագահի բուժզննման արդյունքները ամենասեւեռուն ուշադրության կենտրոնում են, քանի որ Բայդենը, ինչպես սպասվում է, պատրաստվում է հայտարարել, որ առաջադրվելու է 2024թ. նախագահական ընտրություններում։ Բժշկի եզրակացության մեջ նաեւ տեղեկացվել է, որ նրա փոքր-ինչ կաշկանդված քայլվածքը չի վատացել 2021թ. նոյեմբերի բուժզննումից հետո։
Բայդենն ինքն ասել է, որ բուժզննումը լավ է անցել։ «Ամեն ինչ, իսկապես, լավ անցավ։ Շնորհակալ եմ Աստծուն փոքրիկ ողորմածությունների համար»,- կատակով ասել է նա NBC News-ի թղթակցին։
Բուժզննումը, որն անցկացվել է Ուոլթեր Ռիդի անվան Ազգային ռազմաբժշկական կենտրոնում (Վաշինգտոնի արվարձանում), նախագահի երկրորդ մեծ հետազոտությունն էր 2021թ. հունվարին պաշտոնն ստանձնելուց հետո։
Բայդենն ընդունում է «Կրեստոր» ստատին՝ խոլեստերինը ցածր մակարդակի պահելու համար, հակագոագուլյանտ՝ անախտանիշ շողացող առիթմիայի հետ կապված, եւ դեղեր սեզոնային ալերգիայի եւ այրոցի դեմ, նշվել է բժշկի եզրակացությունում։
Նախագահի կրծքի հատվածից հեղուկ ազոտի օգնությամբ այսօր հեռացվել է «ոչ մեծ գոյացություն, որն ուղարկվել է բիոպսիայի»,- ասել է Օ՛Քոնորը։
Բայդենի քաշն իջել է 2,7 կիլոգրամով՝ 2021թ. նոյեմբերի 83 կիլոգրամի փոխարեն՝ 80,7 կիլոգրամ այսօրվա դրությամբ։ Մարմնի զանգվածի ինդեքսը իջել է՝ 25-ից հասնելով 24,1-ի, իսկ զարկերակային ճնշումը մի փոքր բարձրացել է՝ 120/70-ից 126/78-ի։
Պատասխանելով Բայդենի տարիքի հետ կապված հարցին՝ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քարին Ժան-Պիեռը լրագրողներին ասել է. «Նա նախագահ է, որն աշխատում է օրնիբուն, հյուծիչ ձեւով եւ սպառիչ ժամանակացույցով, եւ հասնում է արդյունքների»։