2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո քաղաքական դաշտում «Իմ քայլը» դաշինքի, այնուհետ խորհրդարանական խմբակցության ի հայտ գալուն զուգահեռ մեկ այլ՝ «Իմ քայլը» նախաձեռնություն էլ ծնվեց. խոսքը վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ ստեղծված բարեգործական հիմնադրամի մասին է: «Իմ քայլի» տնօրենն այժմ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մխիթար Հայրապետյանն է, հոգաբարձուների խորհրդի նախագահը՝ տիկին Հակոբյանը: 2018-ից ի վեր հիմնադրամը մի քանի հարյուր հազար միլիոնի փոխանցումներ է ստացել: Իսկ ինչ պատկեր է գրանցվել նախորդ տարի:
Եվ այսպես՝
Նաիրե Իգիթյանը հիմնադրամին փոխանցել է 100 000 դրամ: Համացանցում որոնելիս նման անուն ազգանունով ընդամենը մեկ մարդ ենք գտնում, այն է՝ Օշականի բժշկական ամբուլատորիայի աշխատակից Նաիրե Իգիթյանը։
«Յունիքորն Թրեյդ» ՓԲԸ-ն Փաշինյանի ընտանեկան հիմնադրամին է փոխանցել 1 000 000 դրամ: Մամուլում այս ընկերությունը կապվում է Գուրգեն Արսենյանի անվան հետ:
«Գյումրի-Գարեջուր» ՍՊԸ-ն 250 000 դրամ է փոխանցել, ինչպես գիտենք՝ այն պատկանում է Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքին: Հիշեցնենք, որ վերջինս հանդեպ քրեական գործ է հարուցված:
Նվիրատուների ցուցակում հայնդիպում ենք Վահագն Թևոսյանի անուն-ազգանունը, նա ընդամենը 1000 դրամ է նվիրաբերել հիմնադրամին։ Թևոսյանը, հիշեցնենք, նախկինում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր էր, այժմ Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ է։
Նվիրատուներից մյուսը, որը 5000 դրամ է փոխանցել, և ենթադրվում է, որ փոխանցումը կատարել է Հայաստանից, Կլառա Ջանգիրյանն է։ Այդպիսի անուն-ազգանունով քաղաքացի Հայաստանում չկա, փոխարենը՝ կա Կլարա Ջհանգիրյան անուն-ազգանունով անձ, ով ԲԴԽ նախագահի նախկին ԺՊ Գագիկ Ջհանգիրյանի դուստրն է:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն փոխանցել է 2 000 000 դրամ: Ըստ «Հայբիզնեսբանկ»-ի հաշվետվության՝ նախորդ տարվա դեկտեմբերի 28-ին բանկի միակ բաժնետեր է դարձել «էմ էֆ էմ գլոբալ ինվեստ» ընկերությունը, որը գրանցված է Շվեյցարիայում՝ Ցյուրիխում։ Հունվարին բանկում բաժնետերերի նոր փոփոխութուն է տեղի ունենում ու «Էմ էֆ էմ գլոբալ ինվեստ»-ի (MFM Global invest AG) բաժնետոմսերի 25 տոկոսն անցնում է «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությանը։ Սա, ըստ էության, նշանակում է, որ «Հայբիզնեսբանկ»-ի բաժնետեր է դարձել Հայաստանի Կենտրոնական բանկը, քանի որ «Բնակարան երիտասարդներին» վարկային կազմակերպության հիմնադիրն ու բաժնետերը ԿԲ-ն է։ Այս գործարքներից հետո նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը դարձել է բանկի տնօրենների խորհրդի անդամ։
Մոհամադ Մաքքին Փաշինյանի ընտանեկան հիմնադրամին է փոխանցել 50 000 ԱՄՆ դոլար:
Լերման Մեսրոպյան անուն ազգանունով անձը հիմնադրամին է փոխանցել 5000 ԱՄՆ դոլար:
«ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՉՈՒԼՋՅԱՆԻ ԱՆՎԱՆ» ԲՀ-ն փոխանցել է 4 000 000 դրամ:
Արմեն Կարապետյան անունով քաղաքացին փոխանցել է 850 $:
Ինչ վերաբերում է խոշոր չափի փոխանցումներին, ապա 200 հազար դրամից մինչև 37 մլն դրամ բոլոր փոխանցումները կատարվել են անանուն։
«Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն 10 000 000 դրամ է նվիրաբերել Փաշինյանի ընտանեկան հիմնադրամին:
«ԱՆ-ՆԱՐ» ՍՊԸ-ի նվիրաբերած գումարը նույնպես կազմում է 10 000 000 դրամ: 2015-ին ՀԵՏՔ պարբերականը հոդված էր հրապարակել, որում նշվում էր, որ տվյալ ՍՊԸ-ն պատկանում է Կոտայքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արշավիր Խաչատրյանին
Ղևոնդ Էմյանը նվիրաբերել է 5 000 000 դրամ: Նման անուն ազգանունով անձի փնտրտուքը համացանցում որևէ բան չտվեց, գտնվեց միայն մեկ ԱՁ, որը զբաղվում է հրավառության միջոցառումների կազմակերպմամբ:
Եթե 2018-ին հանգանակվել էր ավելի քան 270 միլիոն դրամ, 2019-ին՝ 756 միլիոն դրամ, 2020-ին՝ 421 միլիոն դրամ, 2021-ին՝ 1, 9 միլիոն դրամ, իսկ 2022-ին 11 ամիսների ընթացքում՝ 126001 դրամ: Կտրուկ նվազել են նաև նվիրատվությունները սփյուռքից և դա հասկանալի է․ հատկապես պատերազմից հետո սփյուռքի վստահությունը ՀՀ իշխանությունների հանդեպ կտրուկ նվազել է։