ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Արցախի պետնախարարը հայտարարում է, թե «ես որևէ կերպ չեմ պատկերացնում, որ երևանյան և ստեփանակերտյան դիրքորոշումների միջև կարող են տարբերություններ լինել և հակառակը, համոզված եմ, որ Երևանը, երբ հարցը վերաբերվում է Արցախյան խնդրին, առավելապես հենվում է արցախյան իշխանությունների դիրքորոշման և կարծիքի վրա, որն ամբողջությամբ արտացոլում է Արցախի ժողովրդի նպատակները»:
Լրագրողի ճշտող հարցին, թե այս պահին ՀՀ իշխանությունների հետ մոտեցումների տարբերություններ չկա՞ն, պետնախարարը պատասխանում է' «որևէ կերպ»:
Ստացվում է, որ ըստ Արցախի պետնախարարի' ՀՀ իշխանությունների հնչեցրած այն մոտեցումները, թե միջազգային հանրության տեսանկյունից «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է», «Արցախը կարող է ապագա ունենալ Ադրբեջանի կազմում», «Հայաստանն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ», «Արցախը 120 հզ. հայերի պատճառով ՀՀ 3 մլն մարդու կյանքը վտանգի չենք ենթարկելու», «Արցախի հարցում ՀՀ-ն այլևս պատասխանատվություն չունի» ոչ միայն համահունչ է Արցախի իշխանության դիրքորոշմանը, այլ նաև արտահայտում է արցախցիների կամքը:
Ի՞նչ ասեմ' պետնախարարի առաջին քննությունն անբավարար եմ համարում, և եթե Արցախից այս դիրքորոշումը չխմբագրեն, ապա կարձանագրվի, որ ՀՀ իշխանության առաջ մղվող' Արցախի հանձնման գործընթացը լիակատար աջակցություն ունի Արցախի իշխանությունում:
Արցախի իշխանությունը, քաղաքական ուժերը պետք է հստակ դիրքորոշում արտահայտեն այս հայտարարության վերաբերյալ' կիսում ե՞ն դիրքորոշումը, թե՞՝ ոչ:
Ներողություն եմ խնդրում լավատեսությանս համար, բայց հուսով եմ, որ պետնախարարը, հաշվի առնելով այդ ոլորտում անփորձությունն ու շփոթմունքի հավանականությունը, կհայտարարի, որ իր խոսքը ճիշտ չի հասկացվել կամ ձևակերպվել:
Լավատեսությանս հիմքում ոչ այդքան օբյեկտիվ գործոններն են, այլ զուտ մեծ ցանկությունս, որ Արցախում ներքաղաքական ճգնաժամեր չլինեն, պատասխանատու դեմքերը չձախողվեն, իսկ հայկական շահը չտրորվի»: