Հայաստանն առաջարկել է Պարսից ծոց-Սև ծով միջանցք ստեղծել՝ Հնդկաստանը Ռուսաստանին և Եվրոպային կապելու համար։ Այս մասին գրում է The Economic Times.ը։

Նշվում է, որ առաջարկն արվել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Հնդկաստան կատարած այցի ժամանակ։ Ըստ Երեւանի առաջարկի՝ երթուղին պետք է Մումբայը Իրանի և Հայաստանի միջոցով միացնի Եվրոպային՝ շրջանցելով Ադրբեջանը, որի հետ Երևանն ու Դելին այնքան էլ լավ հարաբերություններ չունեն։

Ինչպես նշում է թերթը, Պարսից ծոց-Սև ծով միջանցքը համապատասխանում է Հնդկաստանի ծրագրերին, քանի որ վերջինս լրացուցիչ երթուղիներ է փնտրում դեպի Եվրոպա՝ շրջանցելով Սուեզի ջրանցքը և խուսափելով Ռուսաստանի և Արևմուտքի առճակատման բացասական հետևանքներից:

Հաշվի առնելով արտասահմանյան խոշոր ենթակառուցվածքային նախագծերին հնդկական ընկերությունների մասնակցության մեծ փորձը և Իրանի ու Վրաստանի տարածքով Հնդկաստան-Եվրոպա տրանսպորտային միջանցքի գործարկման հարցում Նյու Դելիի շահագրգռվածությունը՝ Հայաստանը նախատեսում է բանակցություններ սկսել Հնդկաստանի հետ՝ քննարկելու հնդկական ֆինանսավորման և ընկերությունների ներգրավումը նախագծին։