Ինչպես նախապես հայտնել ենք՝ ս․թ․ մարտի 11-ին ստացվել է Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողներից 8-ի դիակների դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները։
Ըստ փորձաքննության եզրակացության հետևությունների՝ զինծառայողների մահը վրա է հասել «Ածխածնի մոնօքսիդով /Շմոլ գազ/ և այրվածքային շոկից»։
Եզրակացություններով արձանագրված է, որ ջերմային այրվածքներն առաջացել են կենդանության օրոք՝ բարձր ջերմային գործոնի՝ բոցի ներգործության հետևանքով, և նշված այրվածքներն ու ածխածնի մոնօքսիդով /Շմոլ գազով/ թունավորումն առողջությանը պատճառել են ծանր վնաս, որոնք հանգեցրել են զինծառայողների մահվանը։
Փորձաքննության ենթարկված 8 զոհված զինծառայողների մոտ թմրանյութեր և հոգեմետ նյութեր չեն հայտնաբերվել։
Ստացված եզրակացությունները խիստ անարժանահավատ են, գործի փաստական հանգամանքների հետ գտնվում են խիստ հակասության մեջ, միաժամանակ ավելի շատ հարցեր են առաջացրել, քան տվել պատասխաններ, մասնավորապես՝ ի՞նչ շմոլ գազի մասին է խոսքը, այդ գազն ինչպե՞ս է ներթափանցել զինծառայողների ննջասենյակ, ինչպե՞ս բացատրել այն հանգամանքը, որ կենդանի մնացած զինծառայողները չեն թունավորվել շմոլ գազով, եթե գտնվել են այդ տարածքում։
Ավելի՛ն, եթե պաշտոնական վարկածով պնդում է արվում, որ հրդեհը բռնկվել է բենզինի օգտագործումից առաջացած բոցից, հետևաբար հարց է առաջանում՝ ի՞նչ շմոլ գազի մասին է խոսքը, շմոլ գազը ե՞րբվանից է առաջացել, ի՞նչ հանգամանքներում, ի՞նչ միջոցների կիրառման արդյունքում է առաջացել, հրդեհից առաջ ի՞նչ իրավիճակ է եղել այդ կացարանում։
Ավելի՛ն, եթե եզրակացություններով պնդում է արվում, որ զինծառայողները ջերմային այրվածքներն ստացել են կենդանության օրոք, ապա ինչպե՞ս բացատրել, որ նրանք չեն փորձել հնարավոր ու անհնար միջոցներ ձեռնարկել՝ այդ տարածքից դուրս գալու համար և գտնվել են իրենց մահճակալների վրա։
Այս պայմաններում տուժող կողմը չի բացառում դիակների կրկնակի դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու վերաբերյալ միջնորդության ներկայացման հնարավորությունը։
Միաժամանակ, սպասելով նշանակված «Հրդեհատեխնիկական, պայթյունատեխնիկական ու շինարարատեխնիկական» համալիր փորձաքննության եզրակացությանը, պատասխանատու կերպով հայտարարում է, որ սույն գործով ծածկադմբոցի որևէ փորձ, փաստական տվյալների որևէ կեղծման փորձ, և սույն գործի բացահայտման ուղղությամբ որևէ խոչընդոտի, ճշմարտությունը բացահայտելուն դեմ ուղղված որևէ քայլ չի հանդուրժելու։
Տուժող կողմը պատասխանատու կերպով հայտարարում է, որ իր ուժերի ներածին չափով անելու է առավելագույնը՝ սույն գործի բոլոր ու իրական հանգամանքները բացահայտլու համար։
Տուժողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան՝ Նորիկ Նորիկյան։