ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության Արագածի տարածքային բաժնում տեղի ունեցած առերևույթ կոռուպցիոն հանցագործության դեպքի առթիվ 2021թ. ապրիլի 12-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից՝ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության Արագածի տարածքային բաժնի պետի պաշտոնն զբաղեցրած Հ.Տ.-ն բաժնի ավագ մասնագետից ընդունել է մարզի մի բնակչուհու աշխատանքային ստաժը վերահաշվարկելու, նրան նշանակված կենսաթոշակի վերահաշվարկման և դրա տեսակը աշխատանքային հաշմանդամության կենսաթոշակի փոխելու առաջարկը: Այնուհետև, բաժնի պետի և աշխատակցի կողմից քաղաքացու վերաբերյալ կազմվել և հանձնվել են ավել աշխատանքային ստաժի վերաբերյալ կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր։ Դրա համար, նախնական համաձայնությամբ, 2021թ. մարտի 30-ին, բաժնի պետի աշխատասենյակում հիշյալ ավագ մասնագետը Արագածոտնի մարզի բնակչուհու ամուսնուց՝ 57-ամյա տղամարդուց, ստացել է առնվազն 5.000 ՀՀ դրամ կաշառք, որի մի մասը նույն օրը փոխանցել է պետին։
Բացի այդ, վերոնշյալ բաժնի նախկին պետը, նույն մարզի 46-ամյա բնակչի միջնորդությամբ ընդունել է իրեն կաշառք տալու վերաբերյալ Արագածոտնի մարզի 37-ամյա բնակչի առաջարկը: 2021թ. ապրիլի 7-ին վերջինիս բարեկամուհու տվյալներով 10 տարվա աշխատանքային ստաժի վերաբերյալ կեղծ տեղեկություններ պարունակող աշխատանքային գրքույկ կազմելու և հանձնելու համար, իր աշխատասենյակում, իրենց ընդհանուր ծանոթի՝ հիշյալ 46-ամյա տղամարդու ներկայությամբ, 37-ամյա բնակչից պահանջել է 450 ԱՄՆ դոլար կաշառք՝ խոստանալով աշխատանքային գրքույկը կազմել և հանձնել մեկ շաբաթից տաս օրվա ընթացքում:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության Արագածի տարածքային բաժնի պետին մեղադրանք է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու (ՀՀ գործող քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ) և կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար կաշառք ստանալու համար (ՀՀ գործող քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-ին կետ):
Նույն բաժնի ավագ մասնագետին մեղադրանք է ներկայացվել խմբի կազմում պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու համար:
Արագածոտնի մարզի 57 և 37-ամյա բնակիչներին մեղադրանք է ներկայացվել կաշառք տալու (ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մաս), իսկ 46-ամյա տղամարդուն՝ կաշառքի միջնորդության համար (ՀՀ գործող քրեական օրենսգրքի 437-րդ հոդվածի 1-ին մաս):
Բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
Նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին՝ 5 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ: