Իրան-Ադրբեջան հակասությունները վերջին շրջանում թևակոխել են աննախադեպ թեժ փուլ։ Չնայած Իրանի Իսլամական հանրապետության կողմից Բաքվի հասցեին հնչեցրած նախազգուշական ուղերձներին` օրերս Իրանում բացվեց Ադրբեջանի Հանրապետության դեսպանությունը:
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում իրանագետ Ժաննա Վարդանյանը նշում է՝ պետք է միշտ հիշել, որ այս 2 երկրների հարաբերությունները նախկինում ևս լարված են եղել, որը վկայում է նրանց միջև եղած խորքային և խնդրահարույց հարցերի մասին, որոնք ժամանակառժամանակ գլուխ են բարձրացնում ու պատճառ դառնում նրանց հարաբերությունների սրման:
«Նախորդ տարիներին՝ մինչև 2020 թվականի արցախյան պատերազմը, ևս եղել են տարբեր նմանատիպ լարվածության շրջափուլեր, սակայն դրանք ի վերջո հարթվել են և լռեցվել, ոչ ամբողջովին և որոշակի շրջափուլերում 2 երկրների միջև գերիշխել է ավելի շատ համագործակցային մթնոլորտը, չնայած շարունակվող խնդիրներին: Արցախյան պատերազմից հետո գոյություն ունեցող խնդիրներին ավելացել են նորերը և արդեն իսկ եղածներն էլ ավելի խորացել: Դրա պատճառով արդեն 2-3 տարի է, ինչ տեսնում ենք չնահանջող լարվածություն, որը նույնիսկ ահագնանում է, հատկապես Ադրբեջանի կողմից: Պատճառն այն է, որ նա հստակ հակաիրանական քարոզչություն և քաղաքականություն է վարում՝ փորձելով հնարավոր ամեն առիթով Իրանի հասցեին մեղադրանքներ հնչեցնել ու միևնույն ժամանակ նրա դեմ դաշնակիցներ ձեռքբերել»,- նկատում է նա:
Վերջինիս խոսքով՝ այս պարագայում Իրանի արձագանքը շատ ավելի կշռադատված և զուսպ է, որովհետև նա առաջնորդվում է հարևանության սկզբունքով և իր համար կարևոր են հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատումն ու լարվածությունից խուսափելը:
«Սրան զուգահեռ՝ նկատում ենք, որ Ադրբեջանի կողմից տարվող քաղաքականությունը Իրանի դեմ նպատակ է հետապնդում փոխել նրա դիրքորոշումը «Զանգեզուրի միջանցք»-ի և ՀՀ-ի տարածքային ամբողջականության աջակցության մասով, սակայն Իրանը, շարունակում է մնալ իր նույն դիրքորոշմանը: Իր համար կա սկզբունք՝ լավ հարևանություն՝ չմոռանալով բոլոր կարմիր գծերը, ու այս պարագայում այդ կարմիր գծերը Սյունիքն ու «Զանգեզուրի միջանցք»-ն են: Քանի դեռ կան այս խնդիրները՝ Իրան-Ադրբեջան լարվածությունը շարունակվելու է»,- ասաց նա: