Վերջին օրերին ԱԺ-ում և դրանից դուրս տիրող քաղաքական միջավայրում իրավիճակը լարված է: Օրերս ԱԺ պետաիրավական հանձնաժողովում փակ քննարկման ժամանակ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարձակվել էր հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա, հարվածել, մարմնական վնասվածքներ հասցրել վերջինիս և փախել, դրանից հետո սադրանքներ են արվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նկատմամբ, 2 օր առաջ էլ հարձակման է ենթարկվել ՀՀ վարչապետի որդի՝ Աշոտ Փաշինյանը:

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում այս մասին ավագանու «ԼՈւՅՍ» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ասում է՝ 2020 թվականի պատերազմից հետո նարատիվեր «դավաճան, դավաճանը դու ես» խոսույթի մեջ են և, երբ թվում էր, թե ընտրությունները պետք է հարթեն այս ամենը, դա չեղավ: Մեր երկրում հիմա կան այնպիսի խմբեր, որոնք շարունակում են ծայրահեղականացնել քաղաքական խոսույթը, և դա տանել վիրավորանքի ու բռնության դաշտ, որն էլ դատապարտելի է:

«Այն մյուս 2 ուժերը, որոնք այժմ ներգրավված են խորհրդարանում, իրենց իշխանության եղած ժամանակ Հայաստանը ժողովրդավարության առումով հպարատանալու ոչինչ չի ունեցել և բնական է, որ իրենց հայացքներն անգամ իշխանությունը կորցնելուց հետո չեն փոխվել: Դրանք ոչ ժողովրդավարական ուժեր են՝ քրեական տարրերով և հաճախ նաև ոչ քաղաքական խոսույթներով: Այս մասով կարելի է միայն ցավ արտահայտել, որ այսօրվա մեր խորհրդարանական վիճակն այդ տեսքն ունի: Նման իրավիճակների կանխման ու վերացման համար էլ պետք է գործեն իրավապահ մարմինները՝ իրենց աշխատանքը պատշաճ կատարելով: Երբ ժամանակին փողոցային ցույցերի ժամանակ բռնություն էր կիրառվում տարբեր անձանց նկատմամբ, բռնավորները պատժվում էին, և հիմա էլ դա պետք է գործի, այլ միջոց սրա լուծման` չեմ տեսնում»,- կարևորեց նա: