Փոխգնդապետ Մկրտիչ Հարությունյանը հրաշալի տղա էր, հայրը երկար տարիներ Թալինի զինկոմիսարիատում է աշխատել, հայրենասեր, բարձր ինտելեկտով տղա էր։ Այս մասին 24News-ին ասաց Արագածոտնի մարզի Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը՝ խոսելով Տեղ գյուղում ապրիլի 11-ին զոհված, գումարտակի հրամանատար Մկրտիչ Հարությունյանի մասին։
Սափեյանն ասաց, որ տեղեկություն չունի Հարությունյանի զոհվելու մանրամասներից։ 33-ամյա Հարությունյանն ամուսնացած էր, ունի 2 անչափահաս դուստր։ «Նորմալ ապրում էին, եթե չեմ սխալվում, մի քանի օր առաջ էր գումարտակի հրամանատարի պաշտոնը ստացել»,- պատմեց Թալինի համայնքապետը։ Սափեյանն ասաց, որ ընտանիքը նաեւ այգեգործությամբ էր զբաղվում։ Անդրադառնալով շփման գծում իրավիճակին՝ Թալինի ղեկավարն ասաց, որ հանգիստ է։
Հիշեցնենք, որ երեկ Տեղ համայքի Տեղ սահմանամերձ բնակավայրում փոխհրաձգություն էր սկսել Հայաստանի սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանական սադրանքի հետևանքով։ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները մեքենայով մոտեցել էին ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողներին, որից հետո կրակ են բացել ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ։
Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր։ Ադրբեջանական կողմը հաստատել է իր 3 զինծառայողի զոհվելու մասին տեղեկությունը։