Հայաստանը ողջունում է Ադրբեջանի հետ 1991 թվականի սահմանագիծը հարգելու վերաբերյալ Եվրոպական Միության հայտարարությունը և պատրաստ է գնալ Զինված ուժերն այդ սահմանագծից ապահով հեռավորության վրա հետ քաշելու լուծման, ինչպես առաջարկում է Եվրոպական Միությունը։
ՀՀ կառավարության նիստի մեկնարկին այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սահմանային իրավիճակի քաղաքական գնահատականի առումով, կարծում եմ, կարևոր է նախորդ օրը Եվրոպական Միության կողմից տարածված հաղորդագրությունը, որտեղ ընդգծվում է 1991 թվականի սահմանագիծը։ Խոսքը հայկական ԽՍՀ և ադրբեջանական ԽՍՀ միջև գոյություն ունեցած վարչական սահմանագծի մասին է, որը 1991 թվականի դեկտեմբերի 21-ին Ալմաթիի հռչակագրով վերածվել է պետական սահմանի։ Ահա այդ սահմանագիծը պետք է հարգվի՝ արձանագրվել է ԵՄ-ի հայտարարության մեջ։ Դրանում ընդգծվում է այդ սահմանագծից երկու կողմերի զինված ուժերի հետքաշումն ապահով հեռավորության վրա՝ որպես իրադրության կայունության հուսալի երաշխիք։ Հայաստանը պատրաստ է գնալ նման միջոցի Հայաստան-Ադրբեջան 1991 թվականի սահմանային գծի ողջ երկայնքով։ Մենք այս մասով մեր պատրաստակամությունը հայտնում ենք՝ սկսած 2021 թվականից։ Նման գործողությունները բխում են Պրահայի քառակողմ և Սոչիի եռակողմ պայմանավորվածությունների տրամաբանությունից»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ նման լուծմանը խոչընդոտում է Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումը․ Ադրբեջանը սիստեմատիկ կերպով ի ցույց է դնում միջազգային հարթակներում ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարելու իր գործելակերպը։ «Այդպես է գերիների ազատ արձակման հարցում, այդպես է հրադադարի ռեժիմի պահպանման և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման հարցում, ինչի շուրջ գրավոր համաձայնությունը ձեռք է բերվել Սոչիում, այդպես է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հարցում»,- ասաց ՀՀ վարչապետը։