Այսօր՝ ապրիլի 13-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղում գտնվող «Վեոլիա Ջուր» ընկերության պահեստում տղամարդու դի կա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու քննիչները «Վեոլիա ջրի» նշված պահեստում հայտնաբերել են հրազենային վնասվածքով տղամարդու դի։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ 37-ամյա Արսեն Ս․-ն է։ Իսկ դիակի մոտ հայտնաբերվել է նշված վայրում ծառայություն կատարող ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ծառայողի հաշվեցուցակային «Մակարով» տեսակի ատրճանակը։
Տեղի ունեցածը ինքնասպանությո՞ւն է, սպանությո՞ւն, թե՞ դժբախտ պատահար՝ պարզվում է։
Դեպքի փաստով՝ Աբովյանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Քննիչի կողմից առգրավվել է նաև ատրճանակը։