Երևանի քաղաքապետարանը որոշել է, որ արդիականացման կարիք ունի Հրազդանի կիրճը, կիրճի հանրային նշանակությունը, ըստ քաղաքային իշխանությունների, կփոխվի, իսկ ապօրինի օբյեկտները՝ կապամոնտաժվեն: Հիշում ենք, որ նմանատիպ խոստում էր տալիս դեռևս այն ժամանակ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը զբաղեցնող Ռոմանոս Պետրոսյանը, ով խոստանում էր կարճ ժամկետում մաքրել Սևանի ափամերձ տարածքները տարատեսակ օլիգարխների՝ սնկի պես աճեցրած օբյեկտներից: Սակայն, ինչպես հետագայում ականատես եղանք, օբյեկտներից նկատվեցին միայն փոքրերը, իսկ օլիգարխներինը ինչպես շարունակում էին զարդարել Սևանի ափամերձ տարածքը՝ այնպես էլ շարունակում են:

Կա մտավախություն, որ նույն իրավիճակին ականատես ենք լինելու Հրազդանի կիրճի դեպքում, քանի որ այստեղ էլ օբյեկտները պատահական մարդկանց չեն պատկանում: «Մոնտե-Քրիստո» ռեստորանային համալիրի տերը քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկման վարչության երկար տարիների պետ Լեւոն Հարությունյանն է:

Աչքի ընկնող եւ այցելուներով հարուստ օբյեկտներից է նաեւ «Գեղամա» ռեստորանային համալիրը: Այստեղ են այցելում գրեթե բոլոր բարձրաստիճան զինվորականները: Բացի ռեստորանից, համալիրը նաեւ գարեջրատուն ունի: Պտտվող լուրերի համաձայն' այն պատկանում է Ռազմական ոստիկանության պետի նախկին տեղակալ Ռազմիկ Խանզրադյանին:

Հրազդանի «ձորում մխրճված» նավի տերը, ըստ մամուլի, հայտնի գործարար Արայիկ Հայրապետյանն է (Լավանդայի Արայիկը): Ի դեպ, նույն մամուլը վերջերս գրել էր, որ Արայիկ Հարությունյանը այժմ փորձում է սիրաշահել գործող իշխանություններին և նոր հենարան գտնել:

Հետևաբար հարց է առաջանում՝ քաղաքային իշխանությունների դուխը կհերիքի՞ կիրճը մաքրել նախկին պաշտոնյաների և օլիգարխների օբյեկտներից, թե այս անգամ էլ ականատես ենք լինելու Սևան-2 օպերացիային: