Ս․թ․ մայիսի 3-ին Կիպրոսի արքեպիսկոպոս Գերաշնորհ Տ. Գեորգիոս Պապաքրիստոմուն հյուրընկալել է ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Կիպրոս միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակությանը։
Հայկական խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպման ընթացքում Գերաշնորհ Տ. Գեորգիոս Պապաքրիստոմուն իր ուրախությունն է հայտնել Հայաստանի խորհրդարանի ներկայացուցիչների հետ հանդիպման համար, մի ժողովրդի, «որի հետ մեզ կապող ընդհանուր հանգամանքները շատ են, մասնավորապես՝ ընդհանուր թշնամի և պատմության արկածները»,-նշել է նա։ «Ժամանակն է, որ բոլոր նրանք, ովքեր ունեն ընդհանուր իդեալներ, միավորվենք՝ միասնաբար պաշտպանելու մեր շահերը»,,- նշել է նա հանդիպման ավարտին կատարած հայտարարությունում։
Երկու կողմերը մտքեր են փոխանակել նաև, թե ինչպես է պետք քայլել երկու երկրների առջև բացվող նոր դարաշրջանում, և թե ինչպես է հնարավոր պաշտպանել հայ ազգի ու պետության և Կիպրոսի իրավունքները։ «Կարծում եմ՝ ժամանակն է, որ բոլորս, ովքեր ունենք ընդհանուր իդեալներ, ընդհանուր արժեքներ, ընդհանուր շահեր, համախմբվենք՝ միասին պաշտպանելու մեր շահերը»,- եզրափակելով իր խոսքը՝ ասել է Կիպրոսի արքեպիսկոպոսը։
ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Կիպրոս միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակության նախագահ Հայկ Կոնջորյանն իր հերթին նշել է, որ հայկական պատվիրակությունը Կիպրոսում գտնվելու երեք օրերի ընթացքում զգացել է Կիպրոսի Հանրապետության բարձրագույն ղեկավարության շատ ջերմ ընդունելությունն ու հյուրընկալությունը։
Նա նաև հավելեց, որ պատվիրակության անդամների համար մեծ պատիվ է հանդիպել Կիպրոսի հոգևոր առաջնորդի հետ՝ նշելով, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների ժողովուրդների հարաբերությունների և համագործակցության մասին, որոնք գտնվում են ամուր հիմքերի վրա։ Հայկ Կոնջորյանը նաև նշել է, որ քննարկումների ընթացքում կողմերը ևս մեկ անգամ հաստատել են երկու ժողովուրդների պատրաստակամությունը խորացնելու և ամրապնդելու քաղաքական, մշակութային և կրոնական ոլորտներում համագործակցությունն ու հարաբերությունները։
Անդրադառնալով պատվիրակության՝ ավելի վաղ, նույն օրը առավոտյան անհայտ կորածների հարցով Նիկոսիայի օդանավակայանում գտնվող Քննչական կոմիտե կատարած այցի մասին հարցին, պարոն Կոնջորյանն ասաց, որ իրենց մանրամասն և հանգամանալից տեղեկացվել են կոմիտեի աշխատանքների մասին: Նա ընդգծեց, որ պատվիրակության անդամները դիտարկել են տարիների ընթացքում կոմիտեի կողմից կատարված շատ կարևոր աշխատանքները՝ հավելելով, որ տվյալ փորձը շատ հետաքրքիր է Հայաստանի նման երկրի համար, որը Ադրբեջանի 2020թ․ հարձակումից հետո ևս ունի անհայտ կորած քաղաքացիներ։