Ահազանգ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին. դատապարտյալի նկատմամբ կիրառվել է տույժ' պատժախուց տեղափոխելու տեսքով, սակայն առողջական վիճակով պայմանավորված, նա չի կարող պահվել պատժախցում:
Փաստաբանը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն առողջական խնդիրների հիմքով իր պաշտպանյալի նկատմամբ տույժի կիրառումը հետաձգելու և նրան պատժախցից դուրս բերելու հարցում:
Նրա մոտ ախտորոշվել է չարորակ ուռուցք, անհրաժեշտ են մի շարք հետազոտություններ, իսկ քրեակատարողական հիմնարկի բժշկական անձնակազմի ներկայացուցիչներն առողջական վիճակի գնահատում իրականացնելու նպատակով նրան չեն այցելել. փաստաբանի պնդմամբ՝ իր վստահորդը չի կարող պահվել պատժախցում:
Բարձրացված խնդիրը պարզելու նպատակով, Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները կապ են հաստատել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան ստորաբաժանման ղեկավարի հետ։
Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման և քրեակատարողական հիմնարկի արդյունավետ համագործակցության արդյունքում, դատապարտյալը ստացել է անհրաժեշտ բուժզննում, այնուհետև բժշկի եզրակացության հիման վրա ցուցվել են լրացուցիչ հետազոտություններ։ Արդյունքում, տույժի կիրառումը հետաձգվել է, և վերջինս դուրս է բերվել պատժախցից:
Փաստաբանը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին շնորհակալություն է հայտնել արագ արձագանքման և խնդրի արդյունավետ լուծման համար։