«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների հրամանատարությանը մոտ կանգնած աղբյուրից տեղեկացանք, որ ռուսական կողմը վրդովված է Արցախում գեներացվող հակառուսականության փաստից, որին բացահայտ մասնակցում են նաեւ որոշ բարձրաստիճան պաշտոնյաները։ Մասնավորապես, խաղաղապահ հրամկազմին նյարդայնացրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանի այն հայտարարությունը, թե անցած շաբաթ Բաքու մեկնած Ալեքսանդր Լենցովին չի հաջողվել ադրբեջանական կողմի հետ պայմանավորվածության հասնել։

Արցախյան մեր աղբյուրներն ասում են, որ անգամ իշխանական որոշ շրջանակներ են տարակուսած եւ չեն հասկանում, թե որն էր պետնախարարի՝ կիրակի՝ ոչ աշխատանքային օրով հապշտապ հայտարարություն անելու նպատակը։ Նրանք կարծում են, որ Արցախի իշխանություններն ուղղորդվում են Նիկոլ Փաշինյանի կողմից ու փորձում են ցույց տալ, որ ՌԴ-ն զրոյական դերակատարում ունի Արցախում:

Հիշեցնենք, որ Ներսիսյանը հայտնել էր. «Քննարկումների արդյունքներով իրավիճակի դրական փոփոխության և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված պայմանների վերականգնման շուրջ պայմանավորվածության հասնել չի հաջողվել»:

Նշել էր նաեւ, որ ամենակարճ ժամկետում նախատեսվում է նոր հանդիպում: Թե որտեղ, ինչ ձևաչափով' պետնախարարը չի մանրամասնել։ Մինչդեռ իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրը պնդում է, որ թե գնալուց առաջ, թե հետո Լենցովն Արցախի իշխանություններին հասկացրել է, որ պետք չէ իր Բաքու այցից մեծ ակնկալիքներ ունենալ: Պետք չէ սպասել, որ իր ասելով անցակետը կապամոնտաժեն, քանի որ հարցը ամբողջությամբ գտնվում է քաղաքական տիրույթում՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրած կողմերի համաձայնության շրջանակներում: Անգամ հայտնել է, որ իր տեղեկություններով մայիսի 25-ին Պուտինի միջնորդությամբ պետք է տեղի ունենա Փաշինյան-Ալիեւ հանդիպում եւ, ըստ ամենայնի, այդ հանդիպմանը կորոշվի անցակետի հարցը»: