Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանն արձագանքել է Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև Սրբազանի վերաբերյալ մամուլի այսօրվա հրապարակմանը։
«Պարգև արքեպիսկոպոսը գտնվում է բժիշկների հսկողության ներքո և, պայմանավորված առողջական վիճակով, անկարելի է նրա ապահով վերադարձը հայրենիք։ Սրբազան Հոր վաստակը Հայոց Եկեղեցու անդաստանում, հատկապես արցախյան ազատամարտում և անկախ Արցախի կայացման գործում, նշանակալի է և անուրանալի։
Պետք է լինել արդարամիտ ու երախտագետ և անհնարինության պարագայում գեթ ձեռնպահ մնալ նման նյութերով մեր ժողովրդի կողմից սիրված և հարգված եկեղեցականին վարկաբեկելուց և նրա անձի հանդեպ նման տրամադրություններ ձևավորելուց։
Աղոթում ենք Սրբազանի շուտափույթ ապաքինման համար և սիրով սպասում Մայր Աթոռ նրա վերադարձին»,- ասված է պարզաբանման մեջ։
Հիշեցնենք՝ «Հրապարակ» թերթը գրել էր, թե «Պարգև Սրբազանը սպասում է գրին քարտ ստանալուն»։
«Վերջին 3 տարին ԱՄՆ-ում նրա կյանքի մասին հանրությունը տեղեկացել է մի քանի լուսանկարից, որտեղ նա հայ համայնքի ներկայացուցիչների՝ դերասան Սոս Կարապետյանի, Շպրոտի ու այլոց ընկերակցությամբ նստած է սեղանի շուրջ։ Սրբազանը վերջին անգամ հանրային խոսք է ասել' տեսաուղերձով պատասխանելով Վարդան Ղուկասյանին՝ Դոգին, սակայն Արցախի շրջափակման ու Հայաստանի վիճակի մասին Պարգեւ սրբազանը չի խոսել։
Մեզ ասացին, որ նա սպասում է գրին քարտ ստանալուն, որ սրտի փոխպատվաստման ենթարկվի, քանի որ ԱՄՆ-ում գրին քարտ ունեցողներն անվճար են վիրահատվում: Մայր Աթոռի հետ կապեր ունեցող մեր զրուցակիցն ասաց, որ Էջմիածնում քչերն են հավատում, որ Պարգեւ սրբազանը կվերադառնա Հայաստան», - գրել էր թերթը։